Շատ տարածքներ կանցնեն ՀՀ-ին, եթե դեմարկացիան մինչև 1929-ի քարտեզներով իրականացվի․ Փարսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Մեր առաջնահերթ խնդիրը կա և մնում է անվտանգության հարցը՝ պայմանավորված նրանով, որ մեր թշնամին շատ մոտ է գտնվում մեր բնակավայրերին։ Դեկտեմբերի 8-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Համայնքապետը մասնակցում էր քաղաքում կառուցվող InSport Syunik հանրային նշանակության գոտու կառուցման աշխատանքների ընթացքի ներկայացմանը։

Փարսյանն ասաց, որ դեպի Կապան գնացող M17 մայրուղու փակման հետևանքով լուրջ խնդիրներ են առաջացել 6 գյուղական բնակավայրերի համար։ «Մարդկանց տեղաշարժի հետ կապված էլ ներկա դրությամբ կարող եմ ասել, որ խնդիր, որպես այդպիսին, չկա, բայց ուղևորափոխադրման և հասարակական տրանսպորտի հետ կապված խնդիրը մասնակի է լուծված», - նշեց Կապանի ղեկավարը։

Համայնքապետը ներկայացրեց Կապանի սահմանների լուծման հետ կապված իր պատկերացումը։ «Մենք իհարկե կգերադասեինք և պատկերացնում ենք, որ դելիմիտացիոն և դեմարկացիոն աշխատանքներն իրականցվեն մինչև 1929 թվակյանի քարտեզներով։ Ինչո՞ւ, որովհետև 1929 թվականին, ԽՍՀՄ-ի տարիներին Կապանի  շրջանի 21 հայկական գյուղ նվիրաբերվեց «եղբայրական» Ադրբեջանին։ Եվ հենց այդ օրվանից մեզ մոտ առաջացավ այն հիմնական խնդիրը, որը ներկա դրությամբ ունենք, այսինքն՝  օդանավակայանի անմիջական հարևանությամբ թշնամու առկայությունը, ճանապարհների խնդիրը», - շարունակեց նա։

«Եթե առաջնորդվենք մինչև 1929 թվականի քարտեզներով, բավականին տարածքներ, լուրջ տարածքներ հայկական են», - ընդգծեց Գևորգ Փարսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։