Հաագայի դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության գոյությունը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9,  24 News

Ստեփանյան

 Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ 

«Մենք բազմիցս նշել ենք, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները, ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։ Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն:

Ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։

  --00—ՄՀ