Քաղաքական անգրագիտություն կլինի, եթե Հայաստանը հրաժարվի «3 + 3» ձևաչափից․ Գարիկ Քեռյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Քաղաքական

Հիմա ստեղծվել է հնարավորություն, որ Հայաստանն իր հարևան պետությունների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի հետ մտնի մի ձևաչափի մեջ։ Քաղաքական անգրագիտություն կլինի, եթե Հայաստանը հրաժարվի «3 + 3» ձևաչափից։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանն՝ անդրադառնալով այսօր կայանալիք «3 + 3» անունը կրող հանդիպմանը։ 

«Հայաստանն իր անկախության 30 տարիների ընթացքում գրեթե բոլոր տարածաշրջանային համագործակցության  ձևաչափերից՝ լինի էներգետիկ, տնտեսական, տրանսպորտային, թե այլ բնույթի, դուրս է մղվել, ոչ մի ձևաչափում Հայաստանը չկա։ Հիմա բացառություն է այդ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որն էլ թղթի վրա կա, բայց իրականում ոչ մի իրական գործունեություն չի ծավալում», - հիշեցրեց Գարիկ Քեռյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունը ճիշտ որոշում է կայացրել մասնակցել «3 + 3» ձևաչափով հանդիպմանը։ «Հիմա ինչքանո՞վ է տրամաբանական, որ Հայաստանը հրաժարվի և մեկուսանա, փաստացի ստացվի, որ երկու բարեկամ երկրների՝ Ռուսաստանի և Իրանի քաղաքական գծին հակառակ է գնում կամ խոչընդոտում։ Վրաստանը, պարզ է, գտնվում է Արևմուտքի ազդեցության տակ, Արևմուտքը ներկայացված չէ 3+3 ծրագրում, Արևմուտքն ուզում է տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։ Բնականաբար Արևմուտքն անելու է ամեն ինչ, որպեսզի այդ ձևաչափը չկայանա», - ընդգծեց պրոֆեսորը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե 3 + 3 ձևաչափը կխանգարի՞ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն արցախյան հակամարտության կարգավորման գործում, ապա Գարիկ Քեռյանի կարծիքով՝ ոչ։ 

«Ճիշտն ասած, ես 2019, 2020, 2021 թվականներին Մինսկի խմբի գործունեություն չեմ էլ տեսել։ Եվ քանի որ Ադրեբջանն էլ դեռ Մինսկի խմբի գործունեությունը չի ընդունում՝ համարելով, որ խնդիրը լուծված է [Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը], դեռ հարց է՝ Մինսկի խումբը կվերակենդանանա՞, ռեանիմացիայի կենթարկվի՞, թե՞ չէ։ Մենք դեմ չենք նաև Մինսկի խմբում շարունակել բանակցային գործընթացը, բայց կապել մեկը մյուսի հետ, ինձ թվում է, ճիշտ չէ։ Որովհետև «3 + 3»-ը ստեղծված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Իսկ Մինսկի խումբը, որտեղ կա նաև Ռուսաստանը, ստեղծված է ղարաբաղյան հակամարտության լուծման համար, մեկը մյուսին չի խանգարում։ Բայց նորից եմ կրկնում ՝ դեռ հարց է՝ Ադրբեջանը կընդունի՞ Մինսկի խմբի բանակցային գործընթացի վերականգնումը, թե՞ ոչ», - եզրափակեց քաղաքագիտության դոկտորը։

Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կկայանա ի սկզբանե «3 + 3» ձևաչափ անվանումով հռչակված հանդիպումը, իսկ իրականում «3 + 2» ձևաչափով համագործակցության հարթակի առաջին հանդիպումը, քանի որ Վրաստանը հրաժարվել է այս ձևաչափից։ Վրացական կողմը հրաժարվել է, քանի որ համարում է, որ Ռուսաստանն օկուպացրել է Հարավային Օսիան և Աբխազիան։ Հանդիպումն  անցկացվելու է երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ «3 + 3»-ը հռչակված է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու բանակցությունների համար։

--00--ԿԿ