Դատախազությունը ՍԴ որոշմանը գնահատական տալու իրավունք չունի․ Ալվինա Գյուլումյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Քաղաքական

Դատախազությունը Սահմանադրական դատարանի որոշմանը գնահատական տալու իրավունք չունի։ Այս մասին 24News-ին ասաց ՍԴ նախկին դատավոր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանն՝ անդրադառանալով պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ որոշմանը։

ՍԴ որոշման հրապարակման հաջորդ օրը՝ դեկտեմբերի 10-ին, կալանավորումից ազատ էին արձակվել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ «Իզմիրլյան» ԲԿ նախկին գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը։ 

Ալվինա Գյուլումյանի խոսքերով՝ բոլոր պետական մարմինների համար սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է։ «Եվ ես այդ առումով ուղղակի չեմ ընկալում որևէ ձևով դատախազության հայտարարությունը։ Կամ ինչպես ժամանակին վճռաբեկ դատարանի մի խումբ դատավորներ հայտարարություն տարածեցին ՍԴ մեկ այլ որոշման վերաբերյալ։ Սա խոսում է, ըստ էության, իրավունքի նկատմամբ կամ սահմանադրական դատարանի իրավազորության նկատմամբ որոշակի անհարգալից վերաբերմունքի մասին», - ընդգծեց ՍԴ նախկին դատավորը։

Ինչ վերաբերում է պատգամավորական անձեռնմխելիություն ստանալու հարցին, ապա իրավաբանն ասաց, որ  համենայնդեպս Արմեն Չարչյանն արդեն պատգամավոր էր, երբ կալանավորման մասին որոշումը կայացվեց։ «Իսկ մյուսների առումով, կարծում եմ, Սահմանադրական դատարանը միանգամայն ճիշտ որոշում է կայացրել», - եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին Բարձր դատարանը վճռել էր, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեղադրյալ էին դարձել մինչև պատգամավոր դառնալը։ 

Գլխավոր դատախազությունն այսօր ՍԴ որոշման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, «վիճահարույց» ու «վտանգավոր» որակել այն։ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիություն շնորհված է, իբրև պատգամավորի, նրա գործունեության ազատությունն ապահովելու, դրանով պայմանավորված՝ քրեական հետապնդումը և ազատությունից զրկելը բացառելու նպատակով։ Ավելի պարզ՝ պատգամավորն անձեռնմխելի է, որպեսզի իր գործունեության ընթացքում կաշկանդված չլինի դրանով անմիջականորեն կամ անուղղակիորեն պայմանավորված հետապնդման ենթարկվելու մտավախությամբ։ Հետևաբար, այնքանով, որքանով նախքան պատգամավորի մանդատն ստանալն անձի նկատմամբ հարուցված և սկսված քրեական հետապնդումը, տեղի ունեցած ազատությունից զրկումը չեն էլ կարող պայմանավորված լինել նրա պատգամավորական գործունեությամբ, չեն կարող կապված լինել դրա ազատությունը սահմանափակելու հետ, հետևաբար դրա նկատմամբ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվել չի կարող», - նշված էր դատախազության հայտարարության մեջ։

--00--ԿԿ