Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան, նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում». Ալիև

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ալիև

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» պետք է գործի Լաչինի միջանցքի համանմանությամբ: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

««Զանգեզուրի միջանցք»-ի բացման մասին դրույթը նախատեսված է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ: Այսպիսով, այն Հայաստանի համար պարտադիր դրույթ է»,- ասել է նա:

Ալիևի պնդմամբ` եռակողմ հայտարարություններում բացահայտ կերպով խոսվում է այն մասին, որ Ադրբեջանն ապահովում է դեպի Լաչինի միջանցք հասանելիությունն ու անվտանգությունը, նույն կերպ «Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի անարգել մուտք» դեպի «Զանգեզուրի միջանցք»:

«Այսօրվա դրությամբ Լաչինի միջանցքում մաքսակետեր չկան, նույնը պետք է լինի նաև «Զանգեզուրի միջանցքում»: Եթե Հայաստանը պնդի, որ պետք է մաքսակետեր դրվեն` «Զանգեզուրի միջանցքով» բեռների ու ուղևորափոխադրման վերահսկման համար, ապա մենք նույն պահանջը կներկայացնենք Լաչինի միջանցքի դեպքում: Դա տրամաբանական է»,- ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ «միջանցքային տրամաբանությամբ» որևէ հարց չի քննարկվում և չի բանակցվում:

--00--ԱԹ