Թե՛ ԵՄ-ն, թե՛ ԱՄՆ-ն չունեն այդքան գործիքներ տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար, որքան ՌԴ-ն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Քաղաքական

Թե՛ Եվրոպական միությունը, թե՛ Միացյալ Նահանգները չունեն այդքան գործիքներ մեր տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար, որքան Ռուսաստանի Դաշնությունը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը, որին մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, եռակողմ հայտարարությունների կետերի իրականացման գործընթացը նորից շարունակվելու է Ռուսաստանի հիմնական միջնորդական առաքելությամբ։ «Իհարկե բարդ է խոսել Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքերի մասին, որովհետև տեղեկատվությունը սակավ է։ Պաշտոնական տեղեկություններ չեն տրվում քննարկումների վերաբերյալ՝ ի՞նչ է քննարկվել, ի՞նչ են պայմանավորվել կողմերը, ի՞նչ զիջումներ պետք է նորից անի Հայաստանը։ Այս հարցերի պատասխանը դեռևս չկա՝ ամբողջական պատկերը հասկանալու և մեկնաբանելու համար։ Ինձ մոտ համենայնդեպս տպավորություն է, որ այս պրոցեսով նաև Եվրոպական միությունն է միանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ լեգիտիմացնելու առումով։ Որովհետև եթե դա իրականացվում էր ռուսական միջնորդությամբ, ապա հիմա այն լեգիտիմացվում է ԵՄ-ի կողմից։ Եվ մեծ հաշվով ամենը պտտվում է ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ, ինչը որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով արվել է», - նշեց Սարգսյանը։

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կամ բանագնաց նշանակելու պատրաստակամության մասին։ Հայտարարությունը հաջորդ օրը դրական էր գնահատել Հայաստանի ԱԳՆ-ն ու հաստատել, որ «հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։ Այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան էջում գրել էր․ «Մենք ողջունում և վճռականորեն աջակցում ենք Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի և Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունները՝ կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ բանագնացներ նշանակելու մասին»։

Հարցին, արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է ինչ-որ ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա ինչպես 2008-ի բանակցությունների ժամանակ (Ֆուտբոլային դիվանագիտություն), Սարգսյանը պատասխանեց․ «2008 թվականը և 2021 թվականն էապես տարբերվում են իրարից թե՛ Միացյալ Նահանգների ազդեցության տեսանկյունից հենց Թուրքիայի վրա, և թե՛ ընդհանրապես աշխարհաքաղաքական իրողությունների։ Այդ պատճառով էլ, եթե նկատել եք, Հայաստանը միջնորդության համար դիմել էր ոչ թե Վաշինգտոնին, այլ հենց Մոսկվային։ Իհարկե, այն ժամանակ Ֆուտբոլային դիվանագիտությունը տապալվեց, բոլորը հասկացան, որ այդ տապալման մեղավորը Թուրքիան է, որը որպես նախապայման հայ-ադրբեջանական հարաբերություններն առաջ քաշեց։ Հիմա, որպես այդպիսին, հայ-ադրբեջանական հարաբերություններ առաջ չեն քաշվում, որովհետև Ալիևն ասում է․ «Ես արդեն Ղարաբաղի հարցը լուծել եմ», մեր կողմից էլ ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտություն չի դրվում Թուրքիայի իշխանությունների կամ միջազգային հանրության առջև։ Այսինքն՝ մենք արդեն հետ ենք կանգնել մեր կարևոր արտաքին քաղաքական սկզբունքից, բնական է, որ Թուրքիայի նախապայմանները բավարարված են։ Բայց միևնույն ժամանակ Թուրքիան ցույց է տալիս, որ առանց Ադրբեջանի հետ կոնսուլտացիայի Հայաստանի հետ խաղաղ կարգավորում չի դիտարկում»։

«Վստահ եմ, որ բացի այս երկու հիմնական պահանջներից, այլ նախապայմաններ էլ են դնելու, որոնք հայկական կողմը պետք է բավարարի։ Ինչ վերաբերում է բանագնացներին, ապա սա նոր բան չէ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տարբեր փուլերում բանագնացներ եղել են՝ և՛ Ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, և՛ 90-ականների սկզբին, երբ հայ-թուրքական նման շփումներ են եղել։ Պետք է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ լրացուցիչ տեղեկություններ կլինեն պայմանավորվածությունների մասով։ Մենք տեսնում ենք, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունները Թուրքիան դիտարկում է մեկ ընդհանուր դիրքորոշման և մոտեցման մեջ», - եզրափակեց քաղաքագետը։

--00--ԿԿ