Իշխան Սաղաթելյանն ու Լեհաստանի դեսպանն անդրադարձել են Արցախի կարգավիճակի հարցին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

ԱԺ Սաղաթելյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարևորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի կարգավիճակի հարցին:

Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունն էլ ավելի կխորանա:

ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

--00--ԱԹ