ԱԱԾ պահեստազորի սպաները հարգանքի տուրք են մատուցել պատերազմում զոհված ընկերներին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

հայտարարություն

 

44-օրյա պատերազմի ընթացքում խիստ կարևորվում էր մարտական գործողությունների ընթացքի, հակառակորդի առաջխաղացման, ծագած խնդիրների, անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների անխափան մատակարարումների, Արցախում տիրող բարոյահոգեբանական վիճակի մասին ճիշտ և ժամանակին ստացված ինֆորմացիան, որի համար 24 ժամյա ռեժիմով կայուն կապի մեջ էինք Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանի, փոխտնօրեններ Արայիկ Գրիգորյանի և Նորայր Միրզոյանի հետ: Այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանի հայտարարությունում։

«Բազմիցս առիթ եմ ունեցել անձամբ խոսել Արցախի ԱԱԾ գեներալներ Արայիկ Գրիգորյանի և Նորայր Միրզոյանի հետ նույնիսկ այն պահերին, երբ զենքը ձեռքին մասնակցում էին մարտական թեժ գործողություններին: Մեր ընկերները, գտնվելով կիզակետում, ճիշտ գնահատականներ և կողմնորոշումներ էին տալիս, հայտնում օբյեկտիվ տվյալներ, որոնք անմիջապես փոխանցվում էին բանակին:

Հերթական մարտերից մեկում նրանք ցավոք կնքեցին իրենց մահկանացուն՝ պատերազմական գործողությունների ընթացքում զոհված չորս տասնյակից ավել ՀՀ ԱԱԾ ՍԶ մեր գործընկերների հետ միասին ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի հայրենիքի նվիրյալ զինվորը, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը:

ԱԱԾ աշխատակցի մասնագիտական օրվա առիթով վերստին հպարտությամբ եմ հիշում այդ ծանր օրերին Արայիկ Գրիգորյանի և Նորայր Միրզոյանի ծառայությունը և հարգանքիս տուրքը մատուցում նրանց հիշատակին»:

--00—ՄՀ