Որպեսզի ամեն գիշեր Պուտինին չարթնացնեն, ՌԴ-ն պետք է լուծի Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Այն, ինչ կատարվում է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ, պատերազմի արդյունքն է։ Մյուս կողմից, Ադրբեջանին չհաջողվեց պատերազմով լուծել իր խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը շարունակում է մնալ։ Այս մասին «Позиция» հաղորդման եթերում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ 

«Հայաստանը հիմա այն վիճակում չէ, որ  հավասարը հավասարը հետ բանակցի Թուրքիայի հետ և իր շահերը պաշտպանի։ Նախկինում՝ «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ, Հայաստանին հարցնում էին և ստանում էին բացասական կարծիք։ Այսօր Հայաստանը մերժման ռեսուրս չունի։ Հիմա երևի ավելի լավ է դադար վերցնել», - նշել է Իսկանդարյանը՝ հավելելով, որ հարևանների հետ խնդիրն ամեն դեպքում պետք է լուծել։ Նա ընդգծել է, որ Հայաստանի համար բարդն է, քանի որ իր հակառակորդներն ունեն միասնական տեսակետ։ 

«Քաղաքականությունը նարդու պես է։ Այստեղ ամեն ինչ կախված է ոչ միայն խաղացողի հմտությունից, այլ նաև զառերի դասավորվածությունից։ Մեր դեպքում ամբողջ խաղն է կախված զառերից, Հայաստանը գործոն չէ», - ասել է քաղաքագետը։ 

Իսկանդարյանը նշել է, որ սահմանների հարցի լուծումը պետք է բոլորին, այդ թվում՝ Ռուսաստանին, որպեսզի ամեն անգամ, երբ ադրբեջանական խումբ է մտնում Հայաստանի տարածք և 5 կով տանում, գիշերը չարթնացնեն Պուտինին։

«Հայաստանը հիմա ի վիճակի չէ զբաղվել իր սահմանների անվտանգությամբ, համենայնդեպս, նա դա չի անում, և դրանով ստիպված Ռուսաստանն է զբաղվում»,-կարծում է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին, ապա Ռուսաստանին պետք է, որ դրանք բացվեն և տնտեսական կապերը թուլացնեն երկու երկրների լարված իրավիճակը։

«Ադրբեջանցիներին ու թուրքերին կոմունիկացիաներ պետք չեն։ Նրանց պետք է միայն մեկ ճանապարհ, որի անվտանգությունը չպետք է Հայաստանը վերահսկի։ Եվ դա տնտեսական ծրագիր չէ, դա քաղաքական է։ Այսօր Ադրբեջանը չի բացում, այլ փակում է ճանապարհները, դա մենք տեսնում ենք։ Այդ ամենն արվում է Հայաստանին ճնշելու համար»,-նշել է քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։