Թալինում ընդդիմադիրները հույս ունեն, որ իրենց թեկնածուն դատարանի որոշմամբ կընտրվի համայնքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Հասարակական

Երեկ հայտնի դարձավ, որ «Թալին» համայնքի ավագանու «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցությունները դիմելու են դատարան՝ վիճարկելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու և 1 ձայնի տարբերությամբ համայնքապետ ընտրված Տավրոս Սափեյանի նշանակումը համայնքի ղեկավարի պաշտոնում։

Դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած նոր ավագանու նիստին Սափեյանը ստացել էր 11 կողմ ձայն, իսկ եռյակի թեկնածու Դավիթ Մանուկյանը՝ 10 կողմ ձայն: Երեկ ընդդիմադիր խմբակցությունները քվորում չէին ապահովել և Սափեյանի երդմնակալությունը տեղի չէր ունեցել։

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու, Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը 24News-ին ասաց, որ խմբակցություններն արդեն երեկ դիմել են վարչական դատարան։ «Հայցով դիմել են դատարան ավագանու՝ խախտմամբ ընդունված [Սափեյանի ընտրության] որոշումն անվավեր ճանաչելու և Դավիթ Մանուկյանին համայնքի ղեկավար ճանաչելու պահանջով։ Իսկ հիմքը հետևյալն է՝ Ընտրական օրենսգրքի 142.2 հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարի թեկնածու կարող է առաջադրել խմբակցությունը։ Ուրեմն համայնքի ղեկավարի ընտրության օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները չէին ձևավորել խմբակցություն։ Եվ իրենց կողմից թեկնածու է առաջադրվել ավագանու անդամի կողմից, որն այդպիսի իրավասություն չունի։ Այսինքն, սա օրենքի կոպիտ խախտում է, և հենց այս հիմքով խմբակցության անդամները հայցադիմում են ներկայացրել դատարան», - մանրամասնեց Զոհրաբյանը։

Իրավաբանն ասաց, որ հայցը ներկայացնելիս հաշվի են առնվել դրական և բացասական կողմերը։ «Որևէ այլ օրենքով նախատեսված չէ, որ ավագանու անդամը կարող է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրել։ Իսկ միակ կարգավորող օրենքը՝ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, հստակ ասում է, որ խմբակցությունը պետք է առաջադրի։ Այսինքն՝ այս մասով անվիճելի է», - եզրափակեց Զոհրաբյանը։

Անդրադառնալով դատարան դիմելուն, Տավրոս Սափեյանն ասաց, որ սպասելու են դատարանի վճռին։ «Բացահայտ երևում է, որ եթե դատարան դիմելու խնդիր կար, ինչո՞ւ էին գնում քվեարկության։ Թող քվեարկությունը դադարեցնեին, եթե սխալմունք կար, թող սխալմունքը մեզ ասեին։ Իրենց ուզածով չեղավ քվեարկությունը, դրա համար դիմել են դատարան», - նշեց Սափեյանը։

Նա համոզված է, որ որևիցե սխալ չի եղել այս ընթացում։ Հարցին՝ եթե քվորում չապահովվի և իր երդմնակալությունը տեղի չունենա, ի՞նչ են անելու, համայնքապետն ասաց. «Դե, ես կարծում եմ, որ խելամիտ կգտնվեն և 30 հազար բնակչություն ունեցող համայնքին չեն թողնի առանց քվորում ապահովելու։ Որովհետեւ ճգնաժամային իրավիճակ է ստեղծված մեր խոշորացված համայնքում։ Իրենց արածը ժողովրդի օգտին չէ»։

Հիշեցնենք, որ խմբակցությունները երեկ հայտարարել էին, որ ՔՊ անդամ Տավրոս Սափեյանը չէր կարող ընտրվել համայնքի ղեկավար, քանի որ չի առաջադրվել խմբակցության կողմից:

«ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: ՀՀ ընտրական օրենսգրքով կամ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով առկա չէ որևէ նորմ, որն իրավունք վերապահի համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու անդամին առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու», - նշված էր հայտարարությունը ստորագրած, երեք խմբակցությունները ներկայացնող ավագանու անդամների հայտարարության մեջ:

«Թալին համայնքի ղեկավար է «ընտրվել» խմբակցության կողմից չառաջադրված անձը, ինչն օրենքի կոպիտ խախտում է», - նշել էին ավագանու անդամները՝ հավելելով, որ ներքստորագրյալ անդամները դիմելու են դատարան։ 

Դեկտեմբերի 5-ին Թալինում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5037 ձայն, «Զարթոնք» կուսակցությունը՝ 2882 ձայն, «Հայքը»՝ 1624 ձայն, «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն:

--00--ԿԿ