ՀՀ-Թուրքիա բանակցություններում ամենաէական հարցադրումները կապված են ՀՀ բանագնացի կարգավիճակի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Նավասարդյան

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սպասում էի նման մի մեկնաբանություն Ռուբեն Ռուբինյանին Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնաց նշանակելու վերաբերյալ, սակայն ոչ ԶԼՄ-ներում, ոչ էլ սոցցանցերում չպատահեց ու ստիպված ինքս եմ գրում։

1. Այո, Փաշինյանի թիմում «ծանր հրետանիներ» ընդհանրապես չկան եւ դա նորություն չէ։ Սակայն պարզ է, որ այդպիսի առաքելություն կարող էր ստանձնել միայն քաղաքական ղեկավարի լիակատար վստահությունը վայելող անձ։ Եւ եթե նույնիսկ ունենք դիվանագիտական ոլորտում «գել ու գազաններ», տարօրինակ կլիներ, եթե վարչապետի ընտրությունը կանգներ նրանցից մեկի վրա։

2. Չեմ կարծում, որ վերջին մոտ չորս տարիների ընթացքում Ռուբինյանի ձեռք բերած քաղաքական փորձը նեղ մասնագետների արդյունավետ խորհդատվություններ ստանալու պարագայում չի բավարարի վստահված դերը կատարելու համար։ Այսինքն, խնդիրներ կարող են առաջանալ ոչ թե կոնկրետ անձի կարողությունների պակասի, այլ փորձագիտական ներուժը օգտագործելու սովորության բացակայության հետեւանքով։

3. Ըստ իս, ամենաէական հարցադրումները, որոնք չեն հնչում (կամ ես եմ բաց թողել), կապված են բանագնացի կարգավիճակի հետ։ Համապատասխան առաքելություններ պիտի կատարեն գործադիր իշխանության մաս կազմող պաշտոնյաները։ Սա խորհդարանական դիվանագիտություն չէ, այստեղ կան այնպիսի ընթացակարգային, խորհդապահական տարրեր, որոնք հակասում են օրենսդիր մարմնի ներկայացուցչի գործառույթներին։ Էլ չեմ ասում, որ հայ-թուրքական բանակցություններում, այդ թվում դրանց նախապատրաստական աշխատանքներում ներգրավումը հսկայական ժամանակ և կենտրոնացում է պահանջելու։ Իսկ դա համատեղելի չի կարող լինել պատգամավորի, առավել ևս խորհրդարանի երկրորդ դեմքի գործունեության հետ։ Հետևաբար ամենալեգիտիմ կասկածները պետք է առաջացներ հենց այն հանգամանքը, որ Հայաստանը բանակցություններում ներկայացնելու է ԱԺ փոխխոսնակը (ով ուզում էլ լինի) այլ ոչ թե Ռուբեն Ռուբինյանը որպես կոնկրետ անձ։ Եթե Ռուբինյանի հրաժարականը ենթադրվում է, առայժմ կհանեմ իմ բոլոր հարցերը, կընդունեմ, որ բանագնացի առաքելությունը ներկա պայմաններում շատ ավելի կարեւոր է, քան բարձրաստիճան խորհդարանականի և համբերատար կսպասեմ երկխոսության արդյունքներին»։

--00--ԱԹ