Ռուսական կողմն է ստիպել Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի երկու գերիներին.Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Նաիրա Զոհրաբյան

Ռուսական կողմն է ստիպել Հայաստանին վերադարձնել ադրբեջանցի երկու գերիներին: Հայկական կողմը որևէ բան չի որոշում, հայկական կողմի փոխարեն որոշում են, հայկական կողմին հանձնարարում են և հայկական կողմը կատարում է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ եթե հայկական կողմին որոշելու հնարավորություն տրվեր, ապա ադրբեջանցի երկու ռազմագերիները կփոխանակվեին Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ

«Ես կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը շատ կուզենար ադրբեջանցի երկու գերիներին պահել, որովհետև մենք մի քանի տասնյակ ռազմագերիներ ունենք Ադրբեջանու։ Իհարկե, շատ կցանկանար բանակցել, որ ադրբեջանցի գերիների դիմաց մեր գերիները վերադառնան, իսկ ես վստահ եմ, որ եթե բանակցություններ լինեին, անպայմանորեն, Ադրբեջանը շատ ավելի հայ ռազմագերիներ էր վերադարձնելու իր երկու ռազմագերիների դիմաց, բայց հայկական կողմը ոչինչ չի որոշում:Ռուս խաղաղապահների իրենց իշխանությունների կողմից ասվել է, որ ադրբեջանցի գերիները պետք է վերադարձվեն, հայկական կողմին ընդամենը տեղեկացրել են, որ ռուս խաղաղապահները կգան և կվերցնեն այդ ժպտացող երկու ստահակներին, իսկ ինչու՞ էին իրենք ժպտում, որովհետև գիտեին, որ իրենց թիկունքին կանգնած է իրենց պետությունը, որը ժամերի ընթացքում լուծելու է հարցը:Իսկ մեր ռազմագերիների մեկ տարուց ավել Բաքվի բանտերում են, նրանց մեծ մասի գերության փաստը Ադրբեջանը չի էլ հաստատում և ասում է, թե նման անուն-ազգանունով անձիք իրենց մոտ չկան, այն դեպքում երբ բազմաթիվ տեսանյութերով և ցուցմունքներով հաստատված է, որ տղաները ադրբեջանական գերության մեջ են, մեծ մասի վերաբերյալ անգամ տեղեկատվություն չունենք՝ ո՞ղջ են, թե՞՝ոչ »,-ասաց նա:

Իսկ թե ինչու՞ հայկական կողմը չբանակցեց ռուսական կողմի հետ, որ ադրբեջանցի գերիները գոնե փոխանակվեն մեր ռազմագերիների հետ, Զոհրաբյանն արձագանքեց՝ Հայաստանը ճիշտ չի «խոսում» Ռուսաստանի հետ.

«Երբ դու գնում և թեկուզ առցանց մասնակցում ես Բայդենի կազմակերպած հակառուսական միջոցառմանը, երբ հստակ էր, որ այդ համաժողովը, իր ամբողջ մեսիջներով, հակառուսական է, ապա պետք է պատրաստ լինես, որ քո ռազմագերիներին կարող են ամիսներով և տարիներով չտալ, իսկ Ադրբեջանի երկու գերիները ժամերի ընթացքում պետք է վերադարձվեն իրենց երկիր»,-ասաց զրուցակիցը :

Նաիրա Զոհրաբյանի արձանագրմամբ՝ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը տեղի է ունենում բացառապես օտար երկրների միջնորդությամբ, իսկ հայկական կողմն այդ գործընթացում դերակատարում բացարձակապես չունի

«Ոչ միայն այս հարցում, այլ նաև մեր երկրի ինքնիշխանությանը վերաբերվող հարցերում էլ։ Եթե մենք այսպես շարունակենք, գալու է մի պահ, որ անգամ Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ էլ այլևս որոշում կայացնելու մանդատ և ուժ չենք ունենալու»,-ասաց նա:

Իսկ թե առաջիկայում հայ ռազմագերիների նոր խմբի վերադարձ հնարավո՞ր է լինի,Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Նոյեմբերի 16-ին գերեվարվածներից Ադրբեջանում մնացել են 12-ը , իրենք անպայմանորեն վերադարձվելու են, դա միանշանակ է,ժամկետների մասին տեղեկատվություն չունեմ, բայց չեմ կարծում, թե շատ կձգձգեն, քանի որ, կարծես թե, կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ բանակցությունները Ալիևի ուզած սցենարով են, այս պահին թուրք-ադրբեջանական տանդեմը հատուկ նյարդայնանալու պատճառ չունի »:

--00--ԱՀ