Այս այցը լավ առիթ է` քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանի առկա իրավիճակը. Փաշինյանը` Զասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանսիլավ Զասին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Երևանում և նշել, որ նրա այցը լավ առիթ է քննարկելու ՀԱՊԿ տարածաշրջանում ներկա իրավիճակը, ինչպես նաև ամփոփելու ՀԱՊԿ 2021 թվականի գործունեությունը:

 «Կխոսենք նաև այն մասին, թե ինչպիսի ծրագրեր և մարտահրավերներ ունենք 2022 թվականին, կանդրադառնանք կազմակերպության հետագա զարգացման մեխանիզմներին այն առումով, թե ինչպիսի թերկարգավորումներ են հայտնվել: Իհարկե, անդրադարձ կկատարենք տարածաշրջանում ու ընդհանրապես ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ներկա իրավիճակին: Սա նույնպես շատ կարևոր է, և հետաքրքիր կլիներ լսել Ձեր գնահատականները դրա հետ կապված նույնպես»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ստանիսլավ Զասը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավելել, որ արդեն մշակվել է ՀԱՊԿ գալիք տարվա գործունեության հիմնական պլանային փաստաթուղթը: 

«Դա սեպտեմբերյան նիստերի որոշումների և հայկական կողմից իր նախագահության շրջանում առաջ քաշված առաջնահերթությունների իրականացումն է: Այդ փաստաթուղթն արդեն մշակել ենք, համաձայնացրել մեր բոլոր պետությունների հետ: Կցանկանայի նշել, որ այդ առումով մեր հիմնական փաստաթղթում, որով աշխատելու են քարտուղարությունը, գլխավոր շտաբը, այլ մարմինները, արտացոլված են բոլոր այն նախաձեռնություններն ու առաջարկությունները, որոնք արտահայտվել են Դուշանբեում աշնանային նիստի ընթացքում և՛ արտաքին գործերի նախարարների, և՛ պաշտպանության նախարարների, և՛ պետությունների ղեկավարների կողմից: Այնտեղ արտացոլված են նաև բոլոր առաջնահերթությունները, որոնք բարձրաձայնվել են Ձեր կողմից Դուշանբեում աշնանային նիստի ժամանակ: Այսինքն՝ մեր պետությունները հաստատել են, որ պատրաստ են հաջորդ տարի աշխատել հենց այն առաջնահերթություններով, որոնք առաջարկվել են, այդ թվում՝ նախագահող երկրի՝ Հայաստանի կողմից»,- նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը, խնդիրներն ու մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը, ինչպես նաև կազմակերպության կողմից 2022 թվականին նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:

--00--ԱԹ