Ինչո՞ւ Արցախի ԱԺ-ն ուղիղ եթերով չհեռարձակեց Փաշինյանի հայտարարության դեմ նիստը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Արցախ

Այսօր Արցախի Ազգային ժողովում ժամը 11։00-ին տեղի է ունեցել արտահերթ նստաշրջան, որում Արցախի օրենսդիր մարմինն «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» հայտարարություն է ընդունել։

Նիստը ուղիղ եթերով չի հեռարձակվել, և ժամը 15։04-ի դրությամբ պատգամավորների ելույթներից, նիստից տեսանյութեր չեն հրապարակվել ո՛չ ԱԺ ֆեյսբուքյան էջում, ո՛չ էլ՝ որևէ տեսահարթակում։

ԱԺ լրատվական ծառայության աշխատակիցը 24News-ին ասաց, որ տեխնիկական խնդիրների պատճառով նիստն ուղիղ եթերով չի հեռարձակվել։ «Իսկ տեսագրությունը կլինի ԱԺ ֆեյսբուքյան և Հանրային հեռուստաընկերության էջերում», - նշեց աշխատակիցը։ Նա ասաց, որ չգիտի, թե ինչու մինչ այժմ տեսանյութեր չեն հրապարկվել նիստից։

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 24News-ին ասաց․ «Ուղիղ եթերը հասկանալի էր, նախ մենք իրոք կապի խնդիր ունենք, ուղիղ եթերը չհեռարձակելն ինչ-որ տեղ ընկալելի էր։ Բայց որ եթերը չեն դրել, դա ինձ համար ընկալելի չէ։ Կարծում եմ՝ սուր ելույթ եմ ունեցել, Դաշնակցության ելույթն էլ վատը չէր»։

Հակոբյանը նշեց, որ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի պատասխանատվության ներքո է այս ամենը, և երևի թե աշխատանքային խորհրդակցություն հրավիրելու արդյունքում կամ միանձնյա է որոշում ընդունվել եթերի տեղադրման վերաբերյալ։ «Ես չեմ կարող ասել, որովհետև ինձ ոչ մեկ էլի հստակ պատասխան չտվեց։ Դիվանագիտություն են անում այս հարցում ևս», - ընդգծեց Հակոբյանը։

Արթուր Թովմասյանին ուղղված զանգերը մնացին անպատասխան։  

--00--ԿԿ

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց մամուլի ասուլիսի ժամանակ մտքեր հնչեցրել Արցախի վերաբերյալ, ինչը մեծ դժգոհություն էր առաջացրել Արցախում։ Այս առթիվ էր, որ Արցախում որոշեցին արտահերթ նստաշրջան գումարել։

--00--ԿԿ