Հայտնի է Վարդան Ղուկասյանի սպանված փեսայի մոր սպանության պատճառը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Դեկտեմբերի 28-ին, ժամը 13.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Գյումրիի Բագրատունյաց օղակում գտնվող խանութի մոտ մահացած մարդ կա:
Մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հագուստի խանութ-սրահում հայտնաբերեցին 63-ամյա Անահիտ Իսկանդարյանի դին՝ պարանոցի հատվածում կտրած վերքերով:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության, Կումայրիի և Մուշի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումերի շնորհիվ պարզվեց, որ 63-ամյա կնոջը սպանել է Երևանի 50-ամյա մի բնակիչ։ Կասկածվողը նույն օրը հայտնաբերվեց իր բնակարանում ու բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Նա ներկայացվեց Շիրակի մարզի քննչական վարչություն, տվեց խոստովանական ցուցմունք ու ձերբակալվեց։

Նախնական տվյալներով՝ գումարային հարցերի շուրջ պարզաբանումների նպատակով էր 50-ամյա տղամարդը գնացել 63-ամյա կնոջը պատկանող հագուստի սրահ, որտեղ իր մոտ եղած դանակով երկու անգամ հարվածել էր նրա պարանոցին, սրահից վերցրել էր սպանվածի պայուսակն ու բջջային հեռախոսն ու փախել։ Իր հետ վերցրածն այրել էր, իսկ դանակը նետել Գյումրի-Երևան ճանապարհին:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։