Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Հասարակական

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել «Վարդաշեն» ՔԿՀ–ից։ Ուղերձում ասվում է․ 

«Սիրելի՛ վանաձորցիներ, Դարպաս, Գուգարք և Շահումյան համայնքների սիրելի՛ բնակիչներ,

Ավարտին է մոտենում 2021 թվականը, որը, կարծեք թե, պիտի վերջնարդյունքում մեր խոշորացված համայնքին տար ապագայի, մեր համատեղ ծրագրերի նկատմամբ տեսլական, առարկայական փոփոխությունների մեկնարկ, բայց, ցավոք, մեր շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, որոնք դժվար է նկարագրել բանականության շրջանակներում: Ինչևէ, մենք իրավունք չունենք շեղվելու մեր համայնքը զարգացնելու և շենացնելու ուղուց:

Իմ նկատմամբ տեղի ունեցող տհաճ երևույթները ես ընդունում եմ որպես ոտնձգություն ոչ թե իմ անձի, այլ մեր ողջ համայնքի նկատմամբ: Ես ինձ այստեղ միայնակ չեմ զգում, ինձ միշտ ուղեկցում է մեր բոլոր համակիրների էներգիան, ջերմությունը:

Անցյալում թողնելով բացասական ողջ լիցքերը՝ շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ մեր մեծ երկրին բարօրություն, մեր փոքր հայրենիքին՝ շենություն, բարեկեցություն, իսկ յուրաքանչյուրիդ՝ առողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ:

Մենք ներելու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր անձնական նեղություն ու տհաճություն են պատճառել մեզ, բայց մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, ովքեր դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին, ովքեր հանցավոր անտարբերություն են դրսևորում մեր քաղաքների ու գյուղերի նկատմամբ:

Աստված պահապան բոլորիս: