Միայն կույրի համար տեսանելի չեն դատական իշխանության դեմ ճնշումները. դատավոր Ազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

նկար

Դատավորների ճնշող մեծամասնությունը կիսում է մեր կարծիքը, սակայն վստահ չեմ, որ այդ ճնշող մեծամասնությունը կարող է մեզ պես բարձրաձայնել այդ մասին կամ ընդունել, որ կիսում է մեր կարծիքը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով դատական իշխանության նկատմամբ գործադիր իշխանության քայլերին ու դրանց առնչությամբ դատավորների տարածած հայտարարությանը։

Հունվարի 6-ին դատավորները հայտարարության մեջ մտահոգություն էին հայտնել «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արդարադատության նախարարին վերապահված «կարգապահական վարույթ հարուցելու լիազորության չարաշահման կապակցությամբ»։

Ըստ դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ դատավորների ճնշող մեծամասնությունն իրենց կարծիքը կիսում է։ Դատական իշխանության նկատմամբ իշխանությունների ճնշումները, ըստ Ազարյանի, տեսանելի են. «Միգուցե բոլորը լռում են, մենք ենք բարձրաձայնում։ Ո՞վ ասեց, որ տեսանելի չեն, միայն կույրի համար տեսանելի չեն»։

Հայտարարության տակ նշված են հետևյալ անունները՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայան, Դավիթ Հարությունյան, Արման Հովհաննիսյան, Զարուհի Նախշքարյան, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյան, Արշակ Վարդանյան, Մխիթար Պապոյան, Վազգեն Ռշտունի։

«Մենք հայտարարության մեջ պարզ գրել ենք, որ այլ անձանց անուններ չենք նշում միայն այն պատճառով, որ չթիրախավորվեն», - ընդգծեց դատավոր Ազարյանը։ 

Դատավորները նաև անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին դիմել էին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծեր առնչությամբ՝ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էր եզրակացություն հայտնել նախարարության առաջարկած այն օրենսդրական փոփոխությունների հետ կապված։

«Եթե չեմ սխալվում ՄԻ պաշտպանը մեր հայտարարություններից մեկի հիման վրա է նման զեկույցներ նախապատրաստել, երբ որ Սահմանադրական դատարան է դիմել։ Բնականաբար, միմյանց կարծիքը կիսում ենք», - նշեց Ալեքսանդր Ազարյանը։

Հայաստանը Եվրոպայի խորհրդի, Եվրոպական Միության Արևելյան գործընկերության անդամ է։ Հարցին՝ ինչո՞ւ եվրոպական կառույցները չեն բարձրաձայնում, խոսում այն խնդիրների մասին, որոնք դատավորները բարձրաձայնում են, Ազարյանը պատասխանեց. «Այդ եվրոպական կառույցներից հարցրե՛ք։ Ժամանակ կար, այդ եվրոպական կառույցների ներկայացուցիչները Երևանի քրեական դատարանից դուրս չէին գալիս։ Բոլոր նիստերին մասնակցում էին, ինչ-որ զեկույցներ էին նախապատրաստում, մարդու իրավունքների պաշտպանության առընչությամբ հայտարարություններ էին տարածում։ Իրենց հարցրե՛ք, ասե՛ք. «2008 թվականին ինչո՞ւ Երևանի քրեական դատարանի շենքից դուրս չէիք գալիս, իսկ հիմա լռում եք, ամեն ինչ նորմա՞լ է, նմա՞ն դատական համակարգի մասին էիք երազում»։ Այդ հարցն իրենց ուղղեք։ 

Ես չեմ հասկանում իրենց լռությունը։ Այսքան բան։ Ես չեմ կարող բացատրել՝ ինչու են լռում, սակայն չեմ հասկանում լռությունը», - ասաց Վերաքննիչ դատարանի դատավորը։

Հարցի՝ նկատե՞լ է, որ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն իրեն հետևեն, օրինակ՝ տան մոտ, աշխատանքի վայրում, աշխատանքի վայրի մոտ, Ազարյանը պատասխանեց, որ չի նկատել։ «Բայց միգուցե ուշադիր չեմ։ Երկրորդը, հետևեն, որ ի՞նչ անեն, այսինքն՝ ինչպես եմ ես առավոտյան 6 անց կես գնում ֆիտնես, հետո ոնց եմ աշխատանքի գնում, հետո՝ վերադառնում տուն։ Թող հետևեն, գրաֆիկս նշել եմ, ամենօրյա իմ գրաֆիկն է», - եզրափակեց Ալեքսանդր Ազարյանը։