Հայփոստի բաժանմունքը թալանելուց հետո գողին բռնել են պարեկները․ նա վնասազերծվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

գող

Հունվարի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50–ի սահմանում  ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գարեգին Նժդեհ փողոցի 7 հասցեում գործող  «006» փոստային բաժանմունք գող է մտել, գրում է shamshyan.com-ը։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդը շրջափակել է շենքի ողջ տարածքը, քանի որ կան մի քանի մուտքեր, ու գողը կարող էր դիմել փախուստի:

Պարեկներ, նկատելով կասկածյալին, հրահանգել են, որպեսզի նա կանգնի, սակայն նա, մտնելով շենքի մուտքերից  մեկը, դիմել է փախուստի: Պարեկները, մոտ 500 մետր հետապնդելով նրան, կարողացել են վնասազերծել: Նրա ձեռքերը վնասված են եղել ու մինչ ոստիկանության՝ Շենգավիթի բաժին նրան բերման կենթարկեին, պարեկները առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո ժամանած բժիշկների հերթապահ խումբն է օգնություն ցուցաբերել:

Պարզվել է, որ Երևանի բնակիչ,  38-ամյա Խորեն Մ.-ն ձեռքերով կոտրել է Հայփոստի մուտքի դռան ապակին, մտել ներս և դրամարկղից հափշտակել է գումար:   

Դեպքի վայրի զննություն են կատարել ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչները՝ ավագ հետաքննիչ  Միրզոյանի գլխավորությամբ: Կասկածյալ Խորեն Մ.-ն հետաքննիչի որոշմամբ ձերբակալվել է:  

Ըստ աղբյուրի՝ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին: Փոստի տեսախցիկներն էլ արձանագրել են ինչպես է տեղի ունեցել գողությունը:

--00--ԼՄ