Արա Գևորգյանը «Արցախ» ստեղծագործության հեղինակային իրավունքի համար դատարան դեռ չի դիմել․ «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

արա

Երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, որի հանրահայտ «Արցախ» ստեղծագործությունը ադրբեջանցիները վերագրում են ադրբեջանցի հեղինակի, հերքում է համացանցում տարածված այն տեղեկությունները, թե ինքը շահել է Ադրբեջանի դեմ ներկայացրած դատական հայցը, ըստ որի՝ նրանք ընդունել են, որ «Արցախի» հեղինակը Գևորգյանն է: Կոմպոզիտորն ընդգծում է, որ հայցը դեռ մշակման փուլում է և չի ներկայացվել դատարան, գրում է «Արմենպրես»-ը։

Ըստ Գևորգյանի՝ դեռ նախորդ տարի իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ որոշել են հայց մշակել, սակայն դատարան չեն դիմել, քանի որ այժմ Սահակյանը զբաղված է հայ գերիների խնդրով: Արա Գևորգյանը վստահ է՝ դիմելու դեպքում, անպայման շահելու են:

Նա նաև հիշեցնում է, որ ամիսներ առաջ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել և նշել, որ «Արցախ» ստեղծագործությունը ոչ մի ադրբեջանցի չի գրել: «Ես պատրաստել էի «Story about Artsakh music» («Արցախ» երաժշտության պատմությունը) փաստավավերագական ֆիլմը, որը պատմում է իմ ստեղծագործության մասին»,-նշում է Գևորգյանն ու հավելում, որ ավելի վաղ ադրբեջանցիները երաժշտությունը վերագրել են Ֆիքրեթ Ամիրովին, որի որդին հերքել է լուրը:

Գևորգյանը հավաստիացնում է, որ դատական գործընթաց անպայման կսկսեն, երբ գերիների հարցը լուծվի: Նրա խոսքով՝ եթե նայենք «Story about Artsakh music» ֆիլմը, որը նաև ադրբեջաներեն է, կտեսնենք «Արցախ»-ին վերաբերող հեղինակային իրավունքները, փաստեր, փաստաթղթեր, նաև այն, որ ադրբեջանցիները երաժշտությունն օգտագործում են առանց ոչինչ փոխելու: «Անգամ նրանք չեն կատարում, միացնում են իմ կատարումը իրենց երկրում անցկացվող օլիմպիական խաղերի ժամանակ, իմ ձայնագրությունը ներկայացնում են իրենց բանակի, գորգերի մասին պատմող ֆիլմերում: Դա նրանց խայտառակությունն է»,ասել է կոմպոզիտորը և հավելել, որ դատ դեռ չի սկսվել, սակայն Սիրանուշ Սահակյանը դեռ նախորդ տարվանից պատրաստվում է հայց ներկայացնել:

«Մենք  ցանկանում ենք Եվրոպական դատարանի միջոցով հարցը լուծել, որովհետև  ադրբեջանական ֆիլմերում իմ երաժշտությունն է, հրավառություն են անում ու իմ երաժշտությունն են միացնում»,- շեշտեց Գևորգյանը:

--00--ԼՄ

Տեսանյութեր