Ադրբեջանն իրեն բնորոշ ցինիզմով նաև հաշվի չի առնում ռուս խաղաղապահների դերը․ Արցախի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Արցախ

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերի ուղղությամբ համարյա թե ամեն օր կան կրակոցներ․ կա՛մ թիրախավորված, կա՛մ ոչ թիրախավորված, ադրբեջանցիներն այնպես են անում, որ բնակիչների մոտ խուճապ առաջացնեն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն՝ անդրադառնալով երեկ Արցախի հետ կապված միջադեպերին։ 

«Նոյեմբերի 9-ից առ այսօր այնպես չէ, որ միջադեպ չկար ու նորից սկսվեց։ Ուղղակի մի տեսակ ձևաչափն է փոխվել, ու ադրբեջանցիներն ավելի ագրեսիվ են դարձել այս օրերին։ Դա կարելի է կապել շատ-շատ քաղաքական իրադարձությունների հետ՝ սկսած դեկտեմբեր 24-ին ՀՀ վարչապետի առցանց մամուլի ասուլիսից առ այսօր տեղի ունեցած քաղաքական իրադարձություններ։ Նաև ադրբեջանցիներն իրենց որոշումներում համառ ու կայուն են, իսկ որոշումներում կայուն տեղ ունի ամեն վայրկյան նվազեցնել ռուս խաղաղապահների դերն Արցախում և գումարած առաջացնել խուճապ, քաոս, այդ ձևով նաև դատարկել Արցախը», - նշեց նա։

Երեկ ադրբեջանական զինուժը ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից 10 րոպե տևողությամբ կրակահերթ էր բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ, կրակոցների հետևանքով  Կարմիր Շուկայի մանկապարտեզի հարևանությամբ այրվել էր կայանված «ՈւԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա: Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղի նռան այգում 4 քաղաքացիական անձի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ էր բացել նրանց ուղղությամբ, կրակը դադարել էր ռուս խաղաղապահների միջնորդությամբ, տեխնիկան է վնասվել։ Ստեփանակետ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիները քարերով հարվածել էին Վանաձոր քաղաքի բնակչի վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել էր մեքենայի դիմային մասը։

Մետաքսե Հակոբյանի խոսքերով՝ միջադեպերի հետևանքով որևէ անձ վնասվածք չի ստացել։ «Երբեմն ռուս խաղաղապահների միջնորդությամբ ստացվում են գյուղատնտեսական աշխատանքները, բայց շատ ժամանակ ադրբեջանական կողմն իրեն բնորոշ ցինիզմով, լկտիությամբ նաև հաշվի չի առնում ռուս խաղաղապահների դերը, ներկայությունն ու նշանակությունն ու թույլ չի տալիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարել։ Եվ հենց իրենց ներկայությամբ էլ լինում են միջադեպեր, ինչը նաև երեկ Նախիջևանիկում էր։ Արցախը գյուղատնտեսական երկիր է, հողագործությամբ և անասնապահությամբ են մարդիկ հիմնականում զբաղված։ Հասկանալի է, որ մեր հայրենիքի 75 տոկոսն օկուպացված լինելու պարագայում մենք շատ քիչ հողատարածք հիմա ունենք, հողատարածքների գերակշռող մասը հենց շփման գծի մոտ է»։

«Ադրբեջանցիներն ալան-թալան են անում։ Արդեն շատ դեպքեր կան, որ խոշոր եղջերավոր անասուններ են գողանում։ Վերջերս նաև Կարմիր Շուկայի տարածքից էին գողացել տասնյակներով, և հետո ռուս խաղաղապահներն ինչ-որ մասը կարողացել էին վերադարձնել, մի մասը՝ դեռևս ոչ։ Այսինքն՝ իրենք իրենց բնորոշ քոչվոր ցեղի հատկանիշներով՝ ալան-թալան, սպանել, կրակել, դա իրենց դեմքն է», - եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

--00--ԿԿ