Գյումրիի տնակներից մեկից լվացքի մեքենա ու սառնարան են գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Հունվարի 8-ի երեկոյան մի կին ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր տվել, որ Գյումրիի Կոշտոյան փողոցի իր տնակից գողություն է կատարվել։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց որ, կոտրել են տնակի պատուհանը, գողացել լվացքի մեքենա ու սառնարան:

Տանտիրուհին վերջին անգամ տնակում մոտ մեկ շաբաթ առաջ էր եղել։

Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, անկասկած, մեքենա էր եղել, որով տեղափոխել էին։ Մուշի քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով որոնողական աշխատանք սկսեցին, ինչի արդյունքում նախ հայտնաբերվեց գողոնը տեղափոխած տաքսին՝ վարորդի հետ, իսկ ավելի ուշ պարզ դարձավ գաղտնի հափշտակությունը կազմակերպողի ու կատարողների ինքնությունը։

Կազմակերպողը Գյումրիի Եսայան փողոցի 37-ամյա մի բնակիչ էր, կատարողները Պարույր Սևակի փողոցում էին բնակվում. մեկը՝ 40, մյուսը` 31-տարեկան։

Հաղորդումից ժամեր անց երեքն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության Մուշի բաժին։

37-ամյա տղամարդու ցուցումով գողոնը Ազատան գյուղ էին տեղափոխել ու մատչելի գնով վաճառել նրա հարազատին։

Գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Տղամարդիկ ձերբակալվել են։

Գողոնը հայտնաբերվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00—ԼՄ