Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերման մասին Տոկաևի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Ֆրանսիա ԱԳՆ

Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հայտարարությունն առաջիկա օրերին ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ավելի վաղ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը կսկսվի երկու օրից և կտևի ոչ ավելի, քան 10 օր։

«Մենք հաշվի ենք առել Ղազախստանի նախագահի հայտարարությունը Ղազախստանում տեղակայված ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի դուրսբերման մասին: Ֆրանսիան և նրա եվրոպացի գործընկերները հավատարիմ են Ղազախստանի ինքնիշխանությանը»- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

«Անհրաժեշտ է երկխոսություն սկսել, որպեսզի լարվածությունը թուլանա: Մենք շարունակելու ենք աչալուրջ հետևել հիմնարար ազատությունների և մարդու իրավունքների պահպանմանը», - ասել է նա։

Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը լուծարել է կառավարությունը և դարձել  Անվտանգության խորհրդի ղեկավար։ Իր գլխավորությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակը որակել է որպես պետության ամբողջականությունը խաթարող և նշել, որ ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։ Հունվարի 7-ին Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմադրել, և խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դրել զենքերը։

--00--ԱՀ