Թուրքիան նախապայմաններ կդնի բանակցային գործընթացի ընթացքում, այլապես՝ բանակցության իմաստը կորում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Քաղաքական

Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններն՝ առանց նախապայմանների։

24News-ը Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից հետաքրքրվեց, ինչպես է գնահատում հանդիպումը, նա նշեց, որ առաջին հանդիպումը ճանաչողական բնույթը պետք է կրեր, և տեխնիկական հարցեր քննարկվեին:

«Եթե Թուրքիայի պաշտոնական հայտարարության մեջ լիներ, որ Թուրքիան նախապայմաններ է դնում, ապա Հայաստանը կհրաժարվեր բանակցային գործընթացից, բայց, կարծում եմ, Թուրքիայի կողմից նախապայմաններ քննարկման կդրվեն բանակցային գործընթացի ընթացքում, ոչ որպես նախապայմաններ, այլ որպես հարցեր, որոնք պետք է քննարկվեն, քանի որ առանց այդ հարցերի քննարկման Թուրքիայի համար այդ բանակցությունների իմաստը կորում է:

Պարզ է՝ մենք Թուրքիայից ինչ ենք ուզում՝ հարաբերությունների կարգավորում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում, իսկ Թուրքիան, պարզ է, ուզում է Ցեղասպանության ճանաչումից և Արցախի հարցից հրաժարում, Կարսի պայմանագրի վերահաստատում, հիմա դրան ավելացել է Զանգեզուրի միջանցքը»: 

Ինչ վերաբերում է  ՌԴ փոխարտգործնախարարի հետ Ռուբեն Ռուբինյանի հանդիպմանը, ապա դա, թուրքագետի կարծիքով, սիմվոլիկ նշանակություն ունի, քանի որ ՌԴ-ն միջնորդի դերում չէ, բանակցությունները երկու կողմերի մեջ են ընթանալու. «Մինչև հիմա Թուրքիայի հետ եղել է բանակցային գործընթացի երեք փորձ, որից երկուսը  եղել է ամերիկյան միջնորդությամբ, իսկ այս անգամ երկու կողմերն իրար հետ պետք է բանակցեն»,-ասաց Սաֆրաստյանը։

Հարցին, թե միջնորդի առկայությունը Թուրքիայի համար կարո՞ղ էր զսպող դեր ունենալ հետագայում նախապայմաններ առաջ չքաշելու համար, թուրքագետը պատասխանեց՝ փորձը ցույց է տալիս, որ միջնորդի առկայությունը Թուրքիային չի խանգարում ճնշումներ գործադրելու համար:
Հարցին, թե Ադրբեջանի նախագահի ակտիվությունը վերջին երկու օրերին կապ ունի՞ արդյոք այս հանդիպման հետ, Սաֆրաստյանն ասաց՝ Թուրքիան բանակցային գործընթացի որոշակի փուլում կօգտագործի  Ադրբեջանի կողմից սահմանի վրա սադրանքներ. 

«Կարևոր հանգամանք է այն, որ մի քանի օր առաջ Սերդար Քըլըչը հանդիպեց Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ, կարծում եմ, այդ հանդիպումը ճնշման միջոց է, ցույց տալու համար, որ Թուրքիան կարող է ճնշումը դիվանագիտական առումով օգտագործել՝ սահմանի վրա սադրանքներ կազմակերպելու համար իր և Ադրբեջանի կողմից: Հանդիպման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը հատուկ արվեց, ցույց տալու համար, որ իրենք ինչքան ուժեղ են  բոլոր հնարավոր միջոցներով՝ իրենց կամքը պարտադրելու համար»:

Հերմինե Միքայելյան