ՆԱՏՕ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

նատո

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա։

«ՆԱՏՕ-ն աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Մենք կոչ ենք անում Անկարային և Երևանին հետագա ջանքեր գործադրել»,- նշել է ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին ՌԴ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։ Այն տևել է 1,5 ժամ։

Հայկական և թուրքական արտաքին քաղաքական գերատեսչությունները հանդիպման վերաբերյալ ասել են, թե այն անցել է դրական ու կառուցողական մթնոլորտում։

ՀՀ ԱԳՆ-ն մասնավորապես նշել է, որ «Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»։

Հավելենք՝ հայկական կողմի հատուկ ներկայացուցիչը խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ թուրքական կողմինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։

  --00—ՄՀ