Ղարաբաղի հարցն ամբողջությամբ լուծված չէ․ Թուրքիան հրաժարվե՞լ է իր նախապայմաններից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

Ռուբեն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններն ընթացել են փակ ձևաչափով, ուստի մենք պետք է սպասենք և տեսնենք՝ վերջնականորեն կողմերն ինչ են պայմանավորվում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց թյուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հանդիպմանը։

Երեկ Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը։

«Դրական և կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ», - նշվում է Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների՝ երեկ տարածած նույնաբովանդակ մամուլի հաղորդագրությունների մեջ։ Ռուսական «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը երեկ գրել էր, որ հանդիպումն ընթացել է 1,5 ժամ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ի ընդունելությունների տանը։

«Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Թուրքիան առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, սակայն դրա հետ մեկտեղ նախապայմաններ դրեց Հայաստանի առջև։ Որո՞նք են այդ նախապայմանները՝ Ղարաբաղը ճանաչվի որպես Ադրբեջանի մաս, Հայոց ցեղասպանության հարցում կողմերը գան համաձայնության, և կողմերն ունենան հստակ սահմաններ՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն», - հիշեցրեց Մուշեղ Խուդավերդյանը

Ըստ փորձագետի՝ թերևս հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորված չեն, և դա հարցեր է առաջացնում։

«Թուրքական կողմը նշում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու ժամանակ խորհրդակցելու է Ադրբեջանի հետ։ Եվ կարող ենք ասել, որ այս պարագայում այդ հարցը կա՝ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները վերջնականապես կարգավորված չեն, ապա ի՞նչ մթնոլորտում են անցնում բանակցությունները։ Կարծում եմ՝ պետք է սպասենք և տեսնենք վերջնական արդյունքը», - շեշտեց նա

Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական կառույցները նաև նշել էին, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ «Եթե կողմերը հայտարարում են, որ «առանց նախապայմանների», ապա այստեղ կրկին հարց է առաջանում՝ արդյո՞ք Թուրքիան վերջնականապես իր նախապայմաններից հրաժարվել է», - ասաց Մուշեղ Խուդավերդյանը։

«Քանզի ղարաբաղյան հարցը դեռևս ամբողջությամբ լուծված չէ, մնացած հարցերը, որոնք պատասխան են պահանջում և ինչպե՞ս են լուծվելու, ցույց կտա ժամանակը», - եզրափակեց թյուրքագետը։

Հայաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները նաև հայտարարել էին, որ երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով։

  --00—ՄՀ