ՌԴ Պետդումայի խորհուրդը քննարկում է Պուտինին ուղղված՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

Ռուսաստանի Պետական Դումայի խորհուրդը քննարկում է Կոմունիստական կուսակցության առաջարկը՝ ուղղված նախագահ Վլադիմիր Պուտինին, ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Ակնհայտ է, որ պետք է փնտրել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում բնակվող ՌԴ քաղաքացիների պաշտպանությանն ուղղված լուծումներ», - ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոմունիստական կուսակցությունը Պետդումայի օրակարգ է մտցրել օրինագիծ, որով կոչ է արվում Պուտինին ճանաչել այս երկու միավորների անկախությունը։ 

Վերջին շրջանում Ուկրաինայի արևելքում կտրուկ սրվել է իրավիճակը, որը հիմնականում պայմանավորված է ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների լարմամբ։ ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հրապարակել էր ՆԱՏՕ-ին ու հատկապես ԱՄՆ-ին ուղղված պահանջների ցանկ, որոնց կատարումը կարող է հանգեցնել իրավիճակի դեէսկալացիային։ Այսպես, ըստ այդ պահանջների, Մոսկվան ակնկալում է, որ Ալյանսը կհրաժարվի դեպի արևելք ծավալումից՝ այս կերպ չընդունելով իր կազմ Ուկրաինային և Վրաստանին։

Բացի դրանից՝ ՌԴ-ն պահանջում է, որ ՆԱՏՕ-ն հեռացնի իր սահմաններում՝ հատկապես Լեհաստանում և մերձբալթյան երկրներում տեղակայված միջին և հեռահար տարածության հրթիռները։ 

Շատ մասնագետների բնութագրմամբ ՌԴ-ի և Արևմուտքի հարաբերությունները վերջին անգամ այսքան լարված են եղել, երբ Կարիբյան ծոցում Կուբայում տեղակայված խորհրդային հրթիռների պատճառով առաջացել էր պատերազմի մեծ հավանականությամբ ճգնաժամ։

--00—ԼՄ