Վերջին ամիսներին արևմտյան լրատվամիջոցները գրում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին. Արտակ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նկար

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին ամիսներին արևմտյան հայտնի ու անհայտ լրատվամիջոցները գրում և խոսում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին: Լարվածության դոզան դեռևս պահպանվում է, և կողմերի (ՌԴ-ԱՄՆ) գործողությունները քաղաքական-դիվանագիտական դաշտում առաջ չեն գնում: Կոնկրետ պայմանավորվածություններ կամ փոխադարձ ընդունելի հանգուցալուծում առայժմ չի նախանշվում:

Արևմուտքը շփոթված է այն բանից, որ Ռուսաստանն առանց կաշկանդվելու, ուկրաինական սահմանին ցուցադրում է իր ռազմական հզորությունը: Արևմուտքը վստահ էր, որ ՌԴ-ից ուժեղ է և´ բարոյապես, և´ տնտեսապես, և կարծում էր, որ լիբերալ արժեքների վրա հենված իր քաղաքականությունը հաղթելու է: Հիմա Արևմուտքը կարծես գիտակցում է, որ չի կարողանալու իր ճամբար տանել Ուկրաինաին, որի համար այդքան երկար նախապատրաստվել և կռվել էր ուկրաինական մայդաններում:
Ռուսներին հարվածելու կամ պատժելու կոչերով, Արևմտյան քաղաքական շրջանակներն ու ԶԼՄ ները դեռ կշարունակեն քաղաքական-տեղեկատվական պայքարը: Բայց այն ավելի շատ նմանվում է սեփական անորոշությունը գիտակցողի կողմից բարձրացված էմոցիոնալ աղմուկի:
Եթե Արևմուտքը քաղաքական կամք և իր ուժերի վրա վստահություն ունենար, ապա այսքան երկար ժամանակ չէր ձգձգի խնդիրը և Ուկրաինային կընդուներ ՆԱՏՕ-ի կազմ` առանց ռուսների ռազմական սպառնալիքները հաշվի առնելու:

Արևմտյան քաղաքականությունը ցույց տվեց, որ պատրաստ չէ մարտի բռնվել հանուն Ուկրաինայի, և փոխարենը ցանկանում է զինել նրան: Իսկ Ուկրաինայի ղեկավարությունը, կարծում եմ այդքան էլ անհեռատես չէ, և պետք է գիտակցի, որ վերջում կարող են լքել իրեն և գցել Աֆղանստանի օրը: Ռուսներին SWIFT համակարգից անջատել չեն կարող, որովհետև համամասնորեն կտուժվի նաև արևմտյան համակարգը: Իսկ «Հյուսիսային հոսք 2» -ից Գերմանիան չի հրաժարվի` առանց այդ էլ ահագնացող եվրոպական էներգետիկ ճգնաժամի պատճառով:

ԱՄՆ-ՌԴ ժնևյան երեկվա հանդիպումը վկայում է, որ հակամարտության հանգուցալուծում սպասել առայժմ պետք չէ, բայցևայնպես` ռազմական էսկալացիան ևս մեծ ռիսկ է, և կողմերը կխուսափեն դրանից «համատեղ ուժերով»:

Իսկ ի՞նչ է սպասվում:

ՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի: Արևմուտքի համար` արտաքինից գործընթացը չպետք է դիտարկվի որպես Ուկրաինայից հրաժարում կամ պարտություն: Ինչպես նաև նախկինում ասել էի, Գերմանիան և Ֆրանսիան չեն հրաժարվելու Վարաստանի և Ուկրաինայի անդամակցության դեմ դրված իրենց նախկին վետոյից: Արդյունքում` վտանգավոր լարվածությունը թուլացնելու նպատակով, կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կսկսեն սպառազինության կրճատման շուրջ նոր բանակցություններ:

Այլընտրանքների բացակայության պատճառով, Եվրոպան շարունակելու է գազ ձեռք բերել Ռուսաստանից: Ինչպես նաև միասնական մոտեցման բացակայության պայմաններում` գլոբալ անվտանգությունյան փնտրտուքներում, Եվրոպան շարունակելու է ճոճվել ԱՄՆ-ի և սեփական շահերի միջև: Իսկ ուկրաինական հակամարտությունը կսառեցվի, այնպես ինչպես հետխորհրդային տարածքի մյուս կոնֆլիկտները:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս կարծում եմ, ավելի շատ ուշսդրություն կսկսի դարձնել Մեծ Եվրասիայի անվտանգության նոր ճարտարապետության վրա, որտեղ ևս քիչ չեն ապագայի սպառնալիքները: Ուկրաինական հակամարտությունը, նույնիսկ սառեցվելուց հետո` տեսանելի ապագայում կշարունակի խոչընդոտել ՌԴ-Եվրոպա փոխկապակցված բազմապիսի շահերին»:

--00—ԼՄ