Սյունիքի բնակավայրերը հայտնվել են բավական բարդ վիճակում, ահռելի աշխատանք կա կատարելու

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

գորիսո

Սյունիքի մարզի Բարձրավան բնակավայրից Շուռնուխ կապող ճանապարհը անբարեկարգ վիճակում է, և ինչպես կանխատեսվում էր, ձմեռային պայմաններում բավականին բարդացել է, ինչ-որ տեղ անհնարին է դարձել Բարձրավան հասնելը։

Այս մասին մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզի Գորիս հանայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով ձյան առատ տեղումների պատճառով ստեղծված իրավիճակին։

Ուրբաթ օրը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սյունիքի մարզի Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ:

Գորիսի փոխհանայնքապետ Իրինա Յոլյանի խոսքերով՝ Որոտան-Բարձրավան ճանապարհին ահռելի աշխատանք կա կատարելու, կրթությունն ապահովելու համար փորձում են լուծումներ գտնել. «Այս պահի դրությամբ մեքենան Որոտանով հասնում է Շուռնուխ, Շուռնուխից՝ Բարձրավան, նախ որ հումանիտար աջակցություն կարողանա տեղ հասցնել։ Պատրաստ են, այդ փորձառությունը կա, օնլայն են փորձում դասերն անցկացնել։ Բնական է, որ դժվարություններ են ի հայտ գալիս, արդեն այլ տարբերակներ են առաջ քաշվում, որպեսզի կրթական պրոցեսը չտուժի։ Բայց դա հարցի լուծում չէ»։

Ինչ վերաբերում է վաղվա համար ճանապարհի խնդիրը լուծելուն, ապա Յոլյանը նշեց, որ այսօր մի քիչ եղանակը տաքացել է, ամեն ինչ կախված է դրանից. «Բայց դա խնդրի լուծում չէ, այսօր կարող է ձյունը հալչել, բայց հաջորդ օրը կարող է առատ ձյուն տեղալ, այդ խնդիրը մենք ունենալու ենք։ Բնակավայրերը հայտնվել են բավականին բարդ իրավիճակում, ինչպես որ ՄԻՊ-ն է նշել, այլընտրանքը ոչ թե այլընտրանքային ճանապարհ առաջարկելն է, այլ թշնամուն մեր ճանապարհից մաքրելը»։

Իսկ Իշխանություններից ի՞նչ են ասում, ե՞րբ հնարավոր կլինի իրավիճակը լուծել։ «Չեմ կարող ասել, այդ հարցն իրենց պետք է տալ, մենք դեռևս ամռանը, դեռևս գարնանն անընդհատ ահազանգել ենք այդ խնդիրների մասին, ասել ենք, որ լուրջ պրոբլեմներ կան, և ոչ թե վերջին պահին պետք է սկսել ճանապարհաշինությունը, այլ գոնե երբ որ եղանակային պայմանները թույլ էին տալիս, ավելի վաղ աշխատանքները մեկնարկեին, որպեսզի այսօր այսպիսի իրավիճակ չլիներ։ Բայց ունենք այն, ինչ ունենք, փաստացի», - եզրափակեց Գորիսի փոխհամայնքապետը։

Սյունիքի մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը 24News-ին ասաց, որ խնդիրները միանշանակ լուծվում են։ «Այնպես չէ, որ կապը կտրված է, նույնիսկ սկզբի օրերին ամեն հարց լուծվում էր», - նշեց Ավագյանը՝ խոստանալով վերջին օրերի հետ կապված ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն տրամադրել։

ՄԻՊ Արման Թաթոյանը նաև նշել էր, որ Գորիս համայնքում ուսուցիչներն այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք: ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար», - հայտարարել էր Արման Թաթոյանը։

Ստեղծված իրավիճակից ելքը, ըստ Թաթոյանի, մեկն է՝ «ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ»:

  --00—ՄՀ