Թեստավորման, պատվաստման սերտիֆիկատի QR կոդը կարող է բերել «անձի կորզման». փորձագետ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 23,  24 News  

սամվել մարտիրոսյան

Կորոնավիրուսի թեստավորման, պատվաստման սերտիֆիկատի բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) խնդիրն անձնագրային տվյալներին հասանելիությունն է, այսինքն՝ անձնագրի համարը, որ բացահայտվում է։ 

Այս մասին 24News-ին ասաց «Hoory» ստարտափի գործադիր տնօրեն, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն՝ անդրադառնալով երեկ առողջապահության նախարարի նոր հրամանով ուժի մեջ մտած նոր սահմանափակումներին։

Համաձայն ԱՆ հրամանի՝ հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներն ուժի մեջ մտան։ Հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

QR կոդը ստուգողին հասանելի է դառնում տվյալ մարդու անձնագրային տվյալները, որոնք գրանցված են ԱրՄեդ (ArMed) առողջապահական էլեկտրոնային համակարգի տվյալային բազայում։ «Տեսե՛ք, եթե ես ունեմ մարդու անունը, ծննդյան թիվը, անձնագրի տվյալները, ես կարող եմ գնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայք, հենվելով այս տվյալների վրա՝ այնտեղից [ԿԸՀ կայքից] պարզել այդ մարդու հասցեն, նաև այդ մարդկանց անունները, որոնք գրանցված են իր հետ նույն հասցեում։ Պլյուս նաև եթե մարդ մասնակցել է ընտրություններին, կան ընտրատեղամասերի սքանավորված թերթիկները, որտեղից հնարավոր է նաև գտնել այդ մարդու ստորագրությունը», - ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ նշանակում է, որ փաստացի ցանկության դեպքում կարելի է մարդու մասին ստանալ ահռելի քանակի տեղեկատվություն։ «Ինչը կարող է բերել մի բանի, որի հայերեն տերմինը դեռ չի մտել կիրառության մեջ՝ «անձի կորզում», այսինքն՝ մարդու անձը հնարավոր է օնլայն կլոնավորել, իր անունից ինչ-որ գործողություններ կատարել», - պարզաբանեց Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ սա նաև հնարավորություն է տալիս օտարերկրյա հատուկ ծառայություններին անձնական տվյալներ հավաքագրել Հայաստանի քաղաքացիներից. «Ենթադրում եմ, որ օրինակ պատերազմի ժամանակ ադրբեջանցիները շատ ակտիվ օգտվում էին ԿԸՀ-ի կայքից, որ գտնեին հայ զինվորների բարեկամներին, հարազատներին ու թիրախավորեին սոցցանցերում»։

Իսկ որպես լուծում Մարտիրոսյանն առաջարկում է գլոբալ վերանայել տվյալների հասանելիության խնդիրը։ «Մեզ մոտ իրականում կա օրենք։ Օրենքը վատը չէ, ուղղակի պետք է այդ օրենքը կիրառվի։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքը 2015 թվականից կա, բայց փաստացի չի վերազինվել ենթաօրենսդրական ակտերով, ու օդում կախված նման խնդիրներ կան», - եզրափակեց մեդիափորձագետը։

  --00—ՄՀ

Տեսանյութեր