ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Հունվարի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00–ի սահմանում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Զորակ գյուղի բնակիչ, 35-ամյա Սեմյոն Ղազարյանի վարած Nissan Skyline մակնիշի և Գեղանիստ գյուղի բնակիչ, 29-ամյա Լյուդվիգ Ավետիսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Lada-ի վարորդ Լ. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նախ Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Աղբյուրը նաև հայտնում է, որ բախման հետևանքով Lada Priora-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել քաղաքացուն պատկանող «999» մարկետի տարածք, կոտրելով ապակիներ ու խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: Խանութում մեծ թվով ապրանքներ թափվել են, վնասվել է գույքը և, ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: