Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված, գրավ կկիրառվի Արտյոմ Համբարյանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News  

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կշարունակեն մնալ կալանավորված, իսկ գործով անցնող Արտյոմ Համբարյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, Դավիթ Տոնոյանի, Ավետիք Մուրադյանի, Ստեփան Գալստյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողել է անփոփոխ՝ մերժելով պաշտպանների միջնորդությունը։ Ամբաստանյալ Արտյոմ Համբարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով, որը դատարանի դեպոզիտ հաշվին փոխանցելուց հետո Համբարյանն ազատ կարձակվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվել է կալանավորված մեղադրյալների խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջել է վերջիններիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ։ Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել, Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը ,«Նավակ Ճոճող»-ը՝ Վիլեն Գաբրիելյանը և «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։
 
  --00—ՄՀ

Տեսանյութեր