Հայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News  

հայաստան

Հայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետությունը և Ավստրիական Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 24-ին: Այդ օրը կողմերն ընդունել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Հայաստանն ու Ավստրիան համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն:

30 տարվա ընթացքում Հայաստանի և Ավստրիայի կառավարությունները ստորագրել են փոխգործակցության, փոխօգնության և գործընկերության մասին 12 համաձայնագիր և փոխըմբռնման ու համագործակցության մասին 6 հուշագիր:

Ընդհանուր առմամբ, հայկական կողմից մինչ օրս եղել է 14 պաշտոնական այց Ավստրիա՝ այդ թվում նախագահների և վարչապետերի մակարդակով: Վերջինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն էր 2019 թ. մարտին: Վարչապետը այդ այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պետք է բանակցեր Ադրբեջանի նախագահի հետ: Նիկոլ Փաշինյանը Վիեննայում նաև հանդիպում էր ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Արմեն Պապիկյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2018 թ. նոյեմբերի 28-ին: Իսկ Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ալոիս Կրաուտն է (նստավայրը՝ Վիեննա): 2016 թվականին Ավստրիայի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար է նշանակվել Գերհարդ Շաումբերգերը:

Հայերը Ավստրիական կայսրության տարածքում հաստատվել են դեռևս 17-րդ դարում: Հայկական համայնքը համալրվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո: Ըստ բաց աղբյուրների՝ ներկայում Ավստրիայում ապրում է շուրջ 7000 հայ, որոնցից ճնշող մեծամասնությունը մայրաքաղաք Վիեննայում է: Այստեղ գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները:

Ի դեպ, հայազգի վարպետ Կյուրեղ Դեմյանը, որը ծնվել էր Կիլիկիայից գաղթած հայերի կողմից Ռումինիայում 16-րդ դարում հիմնված Արմենոպոլիս (ներկայիս Գեռլա) քաղաքում, հենց Ավստրիայում է 1820-ական թթ. իր որդիների հետ միասին ստեղծել բոլորիս քաջ հայտնի ակորդեոն երաժշտական գործիքը՝ պաշտոնապես արտոնագրելով այն 1829 թ. մայիսի 23-ին: Այսօր Վիեննայի Երաժշտության տանը ցուցադրվում են Դեմյանի պատրաստած նվագարանի նմուշները:

Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին՝ 2015 թապրիլի 22-ին։ Այդ օրը Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

  --00—ՄՀ

Տեսանյութեր