ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News
Ազատագրական շարժման Համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի մասին։
«2022 թ․ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։
Ազատագրական շարժումը, վերլուծելով Արմեն Սարգսյանի հրաժարականի տեքստը և աշխարհաքաղաքական իրադարձությունները, գտնում է, որ Արմեն Սարգսյանի հրաժարականը թելադրված չէր նրա սեփական կամքով: Արմեն Սարգսյանի հրաժարականի համար ձևական հիմք կարող էր ծառայել նրա նկատմամբ հարուցված քրեական գործը, հանրության մեջ ձևավորված հրաժարականի և դժգոհության տրամադրությունները:
Հիշեցնում ենք, որ դեռևս 2021 թ. նոյեմբերի 27-ին Ազատագրական շարժումը ներկայացրել էր Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հրաժարականների պահանջը:
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանը, որը գործում էր 2018 թ. փետրվարի Ազգային ժողովի կողմից տրված մանդատով, բազմիցս դրսևորել էր անգործություն և չէր կանխել Սահմանադրության նորմերի խախտումները: Ավելին, Արմեն Սարգսյանը լուռ կերպով ստորագրում էր Նիկոլ Փաշինյանի կառավարության բոլոր օրենսդրական ակտերը, որոնք գրվում էին բացառապես այս իշխանության կյանքը երկարացնելու և Հայաստանն ամբողջությամբ գաղութացնելու համար։
Բոլոր դեպքերում ստեղծված իրավիճակն անհանգստացնող է, քանի որ բացառված չէ Արցախյան հիմնախնդրի սրացումը, մինչդեռ Հայաստանի կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ի զորու չէ և չի ուզում գնալ վճռական հայանպաստ քայլերի:
Աշխարհաքաղաքական իրադարձությունները, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ արտահայտվելը, Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիայի հետ սիրախաղերը հանգեցնելու են նոր խնդիրների, որոնք Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման դեպքում, կարող են տանել նոր գործարքի՝ ի վնաս Հայաստանի: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Արմեն Սարգսյանին փոխարինել քաղաքական սուբյեկտայնություն չունեցող այնպիսի անձով, որը կշարունակի Նիկոլ Փաշինյանի թուրքասեր քաղաքականությունը: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում, մեծ է լինելու հնարավորությունը պետության արժանապատվությունը և կորուստները վերականգնելու համար:
Ստեղծված իրավիճակում, Զինված ուժերի հրամանատարությունը պետք է առավել զգոն լինի:
Ազատագրական շարժումը ողջունում է Արմեն Սարգսյանի հրաժարականը և պահանջում է Նիկոլ Փաշինյանից նույնպես հրաժարական ներկայացնել»:
--00—ԼՄ