Տեղյա՞կ եք, որ Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքը փորձելու են անջատել ՀՀ-ից․ պատերազմի մասնակիցը՝ ԵՊՀ-ին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News

ю

«Տեղյա՞կ եք, որ Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքը փորձելու են ամբողջությամբ անջատել Հայաստանից։ Ինչներիս է պետք Ձեր սովորեցրածը, եթե մենք հայրենիք ենք կորցնում և դրա մասին մտածելու փոխարեն, մեր աշխատանքը կորցնելու մասին ենք մտածում»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է 44 օրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը, ում անբավարար են նշանակել մագիստրատուրայում։

ԵՊՀ միջազգային Հարաբերությունների դեկանին և բոլոր դասախոսներին ուղղված բաց նամակում ասվում է.

«Պարոն Պետրոսյան և հարգելի դասախոսներ, որպես Ձեր ուսանող հարց ունեմ Ձեզ, Դուք այն խելացի և գրագետ մարդիկ եք համարվում, որոնցից մենք պիտի սովորենք, լսենք և իմանանք։ Անկեղծ ասած 3 տարի սովորել եմ, միշտ ուզել եմ մեր կործանվող երկրի մասին ինձ դաս տվողների և ինձ դիպլոմ տվողների կարծիքը լսել հանրային ձևով, մի հարցազրույց ունեք գոնե այս տարիների ընթացքում։ Դուք ինչի՞ համար եք կրթում ձեր ուսանողների՝ որ փող աշխատե՞ն, թե որ իրենց գիտելիքները ծառայեցնեն Հայրենիքին։

Հիմա ես «Միջազգային Հարաբերություններ» ավարտած ուսանողներից բան չեմ կարող ակնկալել, եթե անգամ դասախոսները և դեկանը չունեն կարծիք և դիրքորոշում։

Եթե քաղաքականացված չեք, ինչու հարցազրույցներ չեք տալիս Ձեր մասնագիտության ճյուղով և մարդկանց ներկայացնում ձեր տեսակետը, Բոլորի համար էլ շատ պարզ է, որ մեր երկիրը այս վիճակին է դիվանագիտական և քաղաքական հարցերի պատճառով։ Ձեր մոտ ավարտած ուսանողները այսօր ԱԳՆ- ում են աշխատում, աշխատել են նաև պատերազմի օրերին, նրանց աշխատանքի արդյունքը համայն հայությունը տեսավ, դուք որպես այդ ոլորտի մասնագետ, ինչու չեք համարձակվում գնահատականներ տալ մեր դիվանագիտական աշխատանքներին։ Դուք տեղյա՞կ եք եղել, որ պատերազմ է սկսվելու։ Դուք տեղյակ եք, որ Թուրքիան և Ադրբեջանը Սյունիքը փորձելու են ամբողջությամբ անջատել Հայաստանից։ Ինչներիս է պետք Ձեր սովորեցրածը, եթե մենք հայրենիք ենք կորցնում և դրա մասին մտածելու փոխարեն, մեր աշխատանքը կորցնելու մասին ենք մտածում ։ Ձեզ համար ո՞րն է ավելի կարևոր՝ ԵՊՀ-ում դեկան կամ դասախոս աշխատելը, թե Ձեր Հայրենիքը ու Հայրենիքի ճակատագիրը։ Հայաստանը ունեցել է տարածաշրջանի ամենամարտունակ և հզոր բանակներից մեկը, սա փաստ է, մենք պարտվել ենք և պարտվում ենք դիվանագիտական պատերազմներում, որովհետև Ձեր նման դասախոսներ և Դեկաններ ունենք, ովքեր փոխանակ իրենց ուսանողներին խրախուսեն և օգնեն հայրենիքի համար պայքարի գործում, հակառակն են անում, միանում են դավաճանների քաղաքական հրամաններին և փորձում այդ ուսանողին խեղդել, նեղացնել, ճնշել չգիտակցելով, որ իրենք իրենց ձեռքով իրենց են խեղդում։

Փորձում եք կոտրել այն ուսանողին, ով իր ապրած կյանքով և գործերով է ապացուցել, որ պատրաստ է մեռնել հանուն իր հայրենիքի, ով ոչ թե միայն այսպիսի գրառումներ է արել կամ ԱԺ ի ամբիոններից կեղծ խոսքեր ասել, այլ գործով ապացուցել է ամեն բան և դուք դա գիտեք։

Դուք լավ դեկան և դասախոսներ չեք, որովհետև վախկոտ եք, ես չեմ ընդունի և հարգի երբեք այն մարդկանց, ովքեր աշխատանքի, փողի և ցանկացած այլ բանի պատճառով կվախենան պայքարել իրենց հայրենիքի փրկության համար, մի գուցե ասեք դուք ներքին կարգով եք պայքարում, բայց դուք իրավունք չունեք ներքին կարգով պայքարելու, դուք պիտի բացահայտ պայքարեք և պայքարի կոչ անեք բոլորին և հարվածներ վերցնեք ձեր վրա որպես փորձառու և խելացի, բայց դուք միանում եք հարվածներ տվողներին և հարվածում Ձեր ուսանողին ով գիտելիքով և փորձով Ձեզանից շատ ավելի թույլ է, դա է տղամարդկությունը և հայրենասիրությունը Պարոն Պետրոսյան։ Կներեք, որ այսպես կոշտ եմ գրում, բայց դուք վախեցած եք դավաճաններից, դուք Ձեր մեջ կհասկանաք իմ գրածը, հասկանում եմ նաև Ձեր հոգեվիճակը, դուք ճնշման տակ եք, բայց հավատացեք ես դրանից վատ հոգեվիճակներով անցել եմ և ավելի վտանգավոր երկընտրանքների առաջ եմ կանգնել, մինչև անգամ իմ կյանքի և մահվան երկընտրանքի առաջ։ Շատ երիտասարդ եմ, մեծամիտ չերևամ, բայց համարեք որպես երիտասարդ մի խորհուրդ էլ ես եմ իրավունք վերապահում ինձ տալ Ձեզ։ Իմ խորհուրդն է Ձեզ՝ ՉՎԱԽԵՆԱԼ։

Արդարությունը մի թողեք, Ձեզ երբեք չեք ների դրա համար, վստահեք Աստծուն և կհաղթահարեք չարի պատնեշները, որոնք դրված են Ձեր առաջ։

Այսպիսով, որպես «Միջազգային Հարաբերությունների» ուսանող, ում դիպլոմ չշնորհեցիք, տեղեկացնում եմ, որ Ռուսաստան և Ուկրաինա բախում է նախատեսվում, որը եթե տեղի ունեցավ, Թուրքիան և Ադրբեջանը օգտվելով ռուսների խառը լինելուց, փորձելու են լուծել Սյունիքի միջանցքի հարցը, կամ մենք գլուխներս կախ կհանձնենք Սյունիքը կամ պիտի պատրաստվենք պատերազմի և պաշտպանենք մեր հողը։ Բայց եթե դուք և Ձեր նմանները չեն խոսում, չեն պահանջում, մեր ՊՆ ղեկավարը և շատ ղեկավարներ չեն գիտակցում իրավիճակի լրջությունը, հարսանիքի և մեղրամիսի են պատրաստվում պատերազմի պատրաստվելու փոխարեն, ժողովուրդը անտեղյակ է և չի գիտակցում, չի հասկանում ինչի մեջ ենք։

Հիմա դուք, որպես դեկան և դասախոսներ, նախարարությունում աշխատող և ոչինչ չանող ձեր ուսանողներին ասեք , որ քայլեր ձեռնարկեն, ուրիշների անմեղ երեխաներին էլի հողի մեջ չծախեն և կոտորեն, թույլ չտան, որ հանկարծ պատերազմ լինի։ Եթե դուք լռում եք, չեք ահազանգում, չեք խոսում մարդիկ այդ մասնագետները չեն, որ հասկանան։ Տվեք հարցազրույցներ, եթե դուք հայրենիքը սիրող եք, իրավունք չունեք լռելու և ոչինչ չանելու այսպիսի իրավիճակներում, դա կոչվոմ է հանցավոր անգործություն, դա կոչվում է անտարբերություն, որը դավաճանությունից ավելի մեծ հանցագործություն է համարվում։ Ձեր գիտելիքները փող աշխատելու և տուն պահելու համար չի միայն, Հայրենիքը բոլորիս օգնության կարիքը ունի, նա մանավանդ իրապես մասնագետների և գիտելիք ունեցողների, նա մանավանդ դեկանների և դասախոսների, ովքեր սերունդ կրթող են համարվում։

Մանուել Մանուկյան
01.24. 2021 թ»։

--00--ԱՀ