Ինչով է զբաղվելու Արման Թաթոյանը՝ պաշտոնը թողնելուց հետո․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

Թաթոյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ խորհրդարանում 68 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը: Այս ֆոնին զուգահեռ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Մարդու իրավունքների ներկայիս պաշտպան Արման Թաթոյանից պարզել, թե նա պաշտոնավարման ավարտից հետո ինչով է զբաղվելու: Բանն այն է, որ, մեր տեղեկությունների համաձայն, նա պատրաստվում է առաջիկայում նշանակվել Ամերիկյան համալսարանի դեկանի պաշտոնում:  Եվ մեկնաբանության համար մենք դիմեցինք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հայտնեցին. «Այս պահին նման հարց չկա»:

Հավելենք, որ գործող օմբուդսմեն Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին։ Նա մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի փետրվարի 23-ին։ Ըստ օրենքի՝ նոր պաշտպանն իր պարտականությունների կատարմանն անցնում է Ազգային ժողովում երդման արարողությունից հետո՝ նախորդ ՄԻՊ-ի պաշտոնավարման ժամկետի ավարտման հաջորդ օրը: Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրել:

Իշխանականները համարում են, որ Գրիգորյանը պրոֆեսիոնալ է եւ համապատասխանում է այդ պաշտոնին, սակայն ընդգծենք՝ նա ընտրվեց միայն իշխանական պատգամավորների ձայների շնորհիվ, ընդդիմությունը չքվեարկեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  --00—ՄՀ