ՏԿԵՆ-ը մերժել է «Ապրելու երկրի»՝ Փարաքարում ավագանու նոր ընտրություններ նշանակելու պահանջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Քաղաքական

Տարածքային կառավարման նախարարությունը մերժել է «Ապրելու երկիր» կուսակցության՝ Փարաքարում ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջը։ Այս մասին 24News-ին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկանածու, Փարաքարի ավագանու անդամ Վոլոդյա Գրիգորյանը։

Հունվարի 20-ին Փարաքար խոշորացված համայնքի նոր ղեկավարի ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիները՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանի, կուսակցության քաղխորհրդի անդամ Արաքսյա Գրիգորյանի գլխավորությամբ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ։ Արաքսյա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ստորագրահավաք են իրականացրել, ընտրողներիի 60 տոկոսը (մոտ 6 հազար ընտրող) միացել է դրան։ 

Ստորագրահավաքի պահանջն է հետամուտ լինել «Ապրելու երկիր» խմբակցության՝ հունվարի 3-ին կառավարությանը գրավոր ներկայացրած պահանջին՝ վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու նոր ընտրություններ՝ հիմք ընդունելկով ՏԻՄ մասին օրենքի 69 հոդվածի 2-րդ կետը (կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ) ու նշանակել արտահերթ ընտրություններ։ Նույն օրը ստորագրություններով թղթերը փոխանցել էին թե՛ կառավարություն, թե՛ ՏԿԵ նախարարություն։ 

Վոլոդյան Գրիգորյանը 24News-ին ասաց, որ այսօր հանդիպում ունեն տարածքային կառավարման նախարարությունում իրավաբանական վարչության պետ Արամ Խաչատրյանի հետ, ժամը 14։00-ին։ «Պետք է ներկայացնեն՝ թե ինչ հիմքով արտահերթ ընտրությունների կարիք չկա։ Նախարարության գրավոր պատասխանը ստացել եմ շաբաթ օրը։ Ես հանդիպում եմ խնդրել, հանդիպման պատասխանով է որոշվելու հետագա քայլը», - նշեց նա։

Հունվարի 9-ին Փարաքարում կայացած ավագանու նիստին Դավիթ Մինասյանը 11 կողմ ձայնով ընտրվել էր համայնքի ղեկավար՝ «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների բոլոր 11 անդամների կողմ ձայներով։ Համայնքի կառավարումն իրականացնելու են ռոտացիոն սկզբունքով. 5-ամյա կառավարման առաջին կեսն իրականացնելու է Դավիթ Մինասյանը, իսկ մյուս կեսը՝ ՔՊ համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։ «Ապրելու երկիրն» ապօրինի է համարում այս նիստը՝ նշելով, որ ընտրության ժամկետն է շրջանցվել, ավագանու նիստը վարել է տարիքով ոչ ամենամեծը և այլն։

--0--ԿԿ