Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Հասարակական

Ադրբեջանական կողմը չի տեղեկացրել Արցախի Կարմիր Շուկա համայնքի ղեկավարությանը, պաշտպանության բանակին, որ մեքենաների շարասյուն է անցնելու, այդ պատճառով էլ գյուղի բնակիչները որոշ ժամանակով թույլ չեն տվել անցնել այդտեղով։ Այս մասին հայտնեցին 24News-ի աղբյուրները։

Ավելի վաղ (12։47-ին) տեղեկություններ էին տարածվել, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչները որոշ ժամանակ առաջ դուրս են եկել գլխավոր ճանապարհ՝ կանգնեցնելու ադրբեջանական մեքենաների շարասյունը։ «Առանց համայնքի ղեկավարությանը տեղեկացնելու են եկել ու փորձել անցնել, դրա համար են կանգնեցրել, համայնքապետարանից զանգել-ասել են, որ առանց տեղեկացնելու են եկել», - ասաց մեր զրուցակիցը։

Ըստ մեր աղբյուրի՝ երբ ադրբեջանցի զինվորականներն անցնելիս են լինում Կարմիր Շուկայի գլխավոր ճանապարհով, դրա մասին պետք է տեղեկացված լինեն համայնքային իշխանությունը, պաշտպանության բանակը․ «Ոչ համայնքի ղեկավարությունն է իմացել, ո՛չ բանակը։ Անսպասելի եկել են, դրա համար էլ կանգնեցրել են»։

Որևէ բախում չի եղել, մոտ 15 րոպե է ճանապարհը փակված մնացել․ «Ուղղակի տղերքը եկել են, ճանապարհը փակել։ Զանգել են մեկը մյուսին, մեր կառավարությունից ասել են՝ «բա՛ց թողեք», բաց ենք թողել»

Ինչ վերաբերում է կեսգիշերին մոտ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցներին, ապա մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գյուղի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել, որևէ վնաս չի եղել։ «Սնայպեր է աշխատել, մոտ 1 ժամից ավելի։ Գյուղի ուղղությամբ չի եղել, բայց կրակոցներ շատ են եղել», - եզրափակեց մեր զրուցակիցը։

--0--ԿԿ