ՃՈ տեսուչն օդանավակայանում խախտումներ է թույլ տվել. դատախազը միջնորդագիր է հասցեագրել ոստիկանապետին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

դատ

ՀՀ ՀՔԾ-ում, ապա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչը 2021թ. հունվարի 26-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում թույլ է տվել նույնաբնույթ մի քանի հանցավոր իրավախախտում: Այս մասին հաղորդում է Դատախազությունը:

Մասնավորապես, նշված տարածքում ծառայություն իրականացնելու ընթացքում նա   հայտնաբերել է մի քանի ավտոմեքենաների վարորդների կողմից տրանսպորտային երթևեկության կանոնների տարաբնույթ խախտումներ:

Տեսուչը թույլ տրված վարչական իրավախախտման տուգանքի չափի վերաբերյալ վարորդներին հայտնել է ուռճացված տեղեկություն, այնուհետև, համաձայնության եկել տուգանքը վերջիններիս կողմից կանխիկ վճարելու դեպքում այլ՝ ավելի ցածր չափով տուգանք նախատեսող վարչական իրավախախտում արձանագրելու շուրջ: Ելնելով դրանից՝ տեսուչը իրավախախտման արձանագրության և որոշման թերի լրացված ձևաթղթերում նշել է որոշակի գումար, ինչից հետո տուգանքը տեղում գանձելու մտացածին պատրվակով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու փաստն օրենքով նախատեսված կարգով արձանագրելու պատրանք ստեղծելու նպատակով վարորդներից ստացել է տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 20000 ՀՀ դրամ գումարներ:

Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել ինքնախոստովանական ցուցմունք, վերականգնել վնասը:

Քանի որ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ տեսուչի՝ 2020-2021թթ. ընթացքում ստացած վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները տևական ժամանակ չեն հանձնվել համապատասխան աշխատակցին, այս ուղղությամբ իրականացված քննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության համապատասխան ստորաբաժանումներում խիստ հաշվառման փաստաթղթեր հանդիսացող վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունների և վարչական տուգանքների վճարման անդորրագրերի պատշաճ հաշվառում իրականացնելու, արձանագրությունների ձևաթղթերը տեսուչին հանձնելու և լրացված արձանագրությունները նրանից ստանալու գործընթացը պատշաճ կարգավորված չէ: Բացի այդ՝ բացակայում են նաև դրանց նկատմամբ վերահսկողության բավարար մեխանիզմները:

Նմանատիպ հանցագործությունների  կատարմանը նպաստող նշված պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդագիր է հասցեագրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ մշակելու նշված գործընթացի իրականացման և դրա նկատմամբ պատշաճ վերահսկողության մեխանիզմներ, ինչպես նաև քրեական գործով հաստատված խախտումները և դրանց պատճառները առավել հանգամանքորեն պարզելու համար անցկացնել ուսումնասիրություններ, լուծել խախտումներ թույլ տրված պաշտոնատար անձանց կարգապահական պատասխանատվության հարցը:

--00—ԼՄ