Ոստիկանությունը «փնտրում է» Վարդենիսի համայնքապետի կնիքը և աշխատասենյակի բանալիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Հասարակական

Գեղարքունիքի մարզում ոստիկանությունը դեռևս «փնտրում է» Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները և կնիքը։ Դեկտեմբերի 30-ին 14 մանդատ ունեցող «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունների կողմից համայնքապետ ընտրված Ահարոն Խաչատրյանին փաստացի չի հաջողվում անցնել իր լիազորությունների կատարմանը։ 

24News-ի հետ զրույցում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վարազդատ Հարությունյանն ասաց, որ հունվարի 27-ին մասնակցելու են դատական նիստի։  Հունվարի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները դիմել էին դատարան՝ չեղարկելու Ահարոն Խաչատրյանին համայնքապետ ընտրելու մասին որոշումը։ Ինչ վերաբերում է համայնքապետի կնիքը, աշխատասենյակի բանալիները հայտնաբերելու հարցին, ապա Հարությունյանն ասաց, որ 10 օրից ավելի կլինի, որ դիմում են ուղարկել ոստիկանություն, քանի որ կնիքն ու բանալիներն իրենց չեն հանձնվել։

«Ենթադրում ենք, որ դրանք կա՛մ կորել են, կա՛մ հափշտակվել են, կա՛մ ապօրինաբար պահվում են մի անձի մոտ, որի մոտ իրավունք չունեին գտնվել։ Ոստիկանությունը նյութեր է այդ մասով նախապատրաստում, բայց դեռևս անարդյունք։ Գրավոր պատասխան չեն ներկայացրել, ընդամենը բանավոր խոսել եմ Վարդենիսի բաժնի պետի հետ, ով ինձ հավաստիացրել է, որ զբաղվում են այս հարցով», - նշեց նա։

«Նախկին քաղաքապետ Արամ Մելքոնյանը հարցազրույց է տալիս, ասում է՝ «ես կնիքն ու բանալիները հանձնել եմ աշխատակազմի քարտուղարին», աշխատակազմի քարտուղարը գրավոր պատասխանում է մեր նամակին՝ «ինձ ոչ մի բան չի հանձնվել»։ Հիմա մենք ոստիկանության ուշադրությունը հրավիրել ենք այդ հակասության շուրջ, բայց ոստիկանությունը, պատկերացրե՛ք, նամակներով է աշխատում, այսինքն՝ գրութուն է ուղարկում աշխատակազմի քարտուղարին՝ «խնդրում եմ հայտնեք՝ Ձեզ մոտ են, թե՞ ոչ», վերջինը նամակով պատասխաոնւմ է, որ «իմ մոտ չէ», ու դրանից հետո ոստիկանությունը նոր նամակ է ուղարկում, որը դեռևս չի հասել, 5 օր գնում է այդ նամակը, որ «խնդրում եմ պարզաբանել, որ Ձեզ մոտ չէ»։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ պրոցեսը հնարավոր չէ անել բանավոր, տեղում, բացատրության տեսքով։ Երկրորդ՝ ինչո՞ւ հնարավոր չէ այդ հարցադրումներն ուղարկել ամբողջական», - ասաց փաստաբանը։

Հարությունյանն ընդգծեց, որ համայնքը 2022 թվականի բյուջե չունի, հաստիքացուցակ հաստատելու հարցեր ունի, բնակչության առջև ծանրացած խնդիրներ կան։

Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կամո Զարոյանը 24News-ին ասաց․ «Արդեն ասել եմ ու ասում եմ, որ կնիքն ու բանալիներն ինձ հանձնված չեն։ Ես գրությամբ պատասխանել եմ, այդքանով բավարարվենք»։ Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատանքը կազմակերպելուն, ապա Զարոյանն ասաց, որ աշխատակազմը բնականոն աշխատում է։ 

Իսկ ինչպե՞ս են աշխատում առանց համայնքապետի։ «Աշխատակազմի կնիքով ես տրամադրում եմ տեղեկանքներ, բնակչությանը սպասարկում, մնացած հարցերը, որոնք իմ լիազորություներից դուրս են, չեն իրականացվում, սպասողական վիճակ է»։  

Ըստ նրա՝ ո՛չ նախկին համայնքապետը, ո՛չ նորընտիր համայնքապետը չեն լինում համայնքապետարանում, սակայն բնակիչները դժգոհություն չեն հայտնել ստեղծված իրավիճակից։

«Եթե հարցը [համայնքապետի ընտրությունը] վիճարկվում է դատարանում, բնականաբար պետք է սպասենք դատարանի վճռի կայացմանը», - եզրափակեց Կամո Զարոյանը։

24News-ի հետ զրույցում ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ, փոխգնդապետ Ֆիլիպ Ստեփանյանը կնիքի, բանալիների հարցով խնդրեց դիմել ոստիկնության լրատվական ծառայություն։ Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը 24News-ին ասաց, որ ավագանու անդամներից մեկից դիմում է ստացվել, որ համայնքապետարանի բանալիներն ու կնիքը բացակայում են։ «Այս պահին դիմումի հիման վրա ստուգողական գործողություններ են իրականացվում», - եզրափակեց նա։

ՔՊ համայնքապետի թեկնածու, Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։

--0--ԿԿ