Արագ արձագանքման շնորհիվ հայտնաբերվել է մեքենայի մարտկոցները գողացած անձը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 25,  24 News

Հունվարի 18-ին ոստիկանություն զանգած տղամարդը հայտնում էր, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում իր բեռնատարից գողություն են արել: Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը: Ելփին գյուղի բնակիչ, 55-ամյա տղամարդը հայտնեց, որ գիշերը քանդել-հանել են գյուղի 1-ին փողոցում կայանված իր <<ԿամԱԶ>> մեքենայի երկու մարտկոցները՝ պատճառելով մոտ 170 հազար դրամի վնաս:

Ահազանգից 12 ժամ էլ չէր անցել, և հանցագործությունը բացահայտվեց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացվեցին տվյալներ, որոնք իրացնելու համար Եղեգնաձորի ոստիկանները ստիպված էին հասնել մայրաքաղաք: Հունվարի 19-ի գիշերը, ժամը երկուսին մոտ, նրանք Երևանի Ջուղայի փողոցում հայտնաբերեցին ու, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 31-ամյա մի տղամարդու:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00--ՍԳ