ԱՀ նախագահի ու ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունները քննարկվել են Արցախում իրականացվող ծրագրերը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

տռռեգտեռգ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ հունվարի 24-ին Երևանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:

Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ քննարկվել են 2022թ.-ին Արցախում նախատեսվող պետական ծրագրերն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։

Իր խոսքում նախագահ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախին ցուցաբերած էական աջակցության համար: «Որևէ խնդիր չի եղել` առողջապահական, տեղավորման և հետագա մնացյալ հարցերի լուծման առումով՝ անկախ տրամադրվող նպաստներից և ծավալներից: Մենք միշտ զգացել ենք Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից հատուկ վերաբերմունք: Եվ հետպատերազմյան ժամանակահատվածում ամեն ինչ արվել է, որպեսզի կարողանանք լուծել մեր ամենածանր խնդիրը՝ տեղահանված բնակչությանը հնարավորություն ընձեռել առաջին հերթին Արցախում և Հայաստանում ժամանակավոր ապաստան գտնելու և, իհարկե, սկսել առկա խնդիրներին արմատական լուծումներ տալու աշխատանքները»,- ասել է ԱՀ նախագահը:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Արցախի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության կողմից 144 մլրդ դրամի չափով Արցախին տրամադրվող միջպետական վարկի և դրամաշնորհի շնորհիվ: Դա, ըստ ԱՀ նախագահի, թույլ կտա իրականացնել երկու կառավարությունների համատեղ քննարկումների արդյունքում նախանշված ենթակառուցվածքների զարգացման, բնակարանաշինության և սոցիալական մի շարք հավակնոտ ծրագրեր։

ՀՀ վարչապետն իր խոսքում կարևորել է պատերազմի հետևանքների վերացումն Արցախում և նշել, որ համատեղ ջանքերի շնորհիվ սոցիալական հնարավոր ճգնաժամի կառավարման փուլից արդեն իսկ անցում է կատարվել զարգացման ծրագրերի իրականացման փուլին՝ համոզմունք հայտնելով, որ այդ տրամաբանությամբ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

«Շատ ուրախ եմ այս քննարկման համար: Ի դեպ, այս թեմայով սա մեր առաջին այսպիսի քննարկումը չէ: Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, դրանց մի մասը զուտ աշխատանքային են եղել, չեն էլ լուսաբանվել, մյուս հատվածը նաև լուսաբանվել է: Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, կարող ենք արձանագրել, որ ծրագրերն արդյունավետ են իրականացվում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

--00--ՍԳ