Վրաստանը Հայաստանին է ներկայացրել արդարադատության շարժական տների ներդրման փորձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

կարեն

Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն համագործակցության հուշագիր են ստորագրել: Հուշագրի ստորագրումից հետո Կարեն Անդրեասյանը շնորհակալություն հայտնեց Ռատի Բրեգաձեին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստան այցելելու համար:

«Մենք ունենք մեծ օրակարգ, որը փորձելու ենք առաջիկա երկու օրերի ընթացքում սպառել: Մեր առաջին հանդիպումը, որը տեղի է ունեցել Իտալիայում Եվրոպական խորհրդի նախարարների հավաքի շրջանակներում, բարձրացրեինք մի շարք հարցեր, որոնք հուզում են Հայաստանին, որովհետև ներկայումս կարևոր բարեփոխումների ընթացքում ենք: Մյուս կարևոր ուղղությունը միասնական գրասենյակներն են, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները: Հայաստանը ունի փայլուն երկարատև փորձ հենց միասնական գրասենյակների ոլորտում և այն արդարադատության տների ներդրման փորձը, որը Վրաստանն իրականացրել է, մեզ համար շատ կարևոր է, որովհետև նոր ենք սկսում արդարադատության տների ձևավորումը, զարգացումը»,- ասաց Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով Վրաստանի նախարարից, որ կիսվում են իրենց փորձով:

Վրաստանի նախարար Ռատի Բրեգաձեն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կարեն Անդրեասյանին ջերմ ընդունելության համար:

«Վենեցիայում մենք պայմանավորվեցինք, որ մեր համագործակցությունը կլինի ակտիվ և ուրախ եմ, որ արդեն սկսեցինք այդ աշխատանքները: Այսօրվա դրությամբ Հայաստանի և Վրաստանի միջև առկա են շատ ջերմ հարաբերություններ: Կարծում եմ` այսպիսի հարաբերություններ երբեք չեն եղել: Եվ դա, իհարկե, մեր վարչապետերի շնորհիվ է: Համոզված եմ, որ մեր հանդիպումը և համագործակցությունը ստեղծված հարաբերությունների արձագանքն է և հույս ունեմ, որ մենք նույնպես շատ ջերմ և մտերիմ կլինենք և կհամագործակցենք, մեր աշխատանքով կնպաստենք երկու երկրների զարգացմանը»,- ընդգծեց Բրեգաձեն:

Վրաստանի նախարարը տեղեկացրեց, որ իրենց հետ բերել են շարժական արդարադատության տունը, նաև ինովացիոն սարք, որը թույլ է տալիս պրոբացիայի շահառուներին ստանալ այն բոլոր ծառայությունները, ինչը ստանում են, օրինակ` պրոբացիայի բյուրոներում:

Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:

«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա մեր երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Նաև համատեղ ներդրում կանենք կրթական ոլորտում` կիրականացնենք ուսանողների փոխանակում: Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ շատ ակտիվ կհամագործակցենք կալանավորների և դատապարտյալների փոխանակման ոլորտում»,-եզրափակեց Բրեգաձեն:

--00—ԼՄ