Արմեն Սարգսյանը խրամատը լքելու անփառունակ քայլ է կատարել․ Հովհաննես Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Քաղաքական

Նախագահի գործառույթները և լծակները բավարար էին որպես պետության գլուխ, իշխանության տարբեր ճյուղերի հավասարակշռող, Սահմանադրության երաշխավոր հանդիսանալու համար։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, իրավաբան Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով նախագահի հրաժարականի տեքստին։ 

Հունվարի 23-ին 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր նախագահի պաշտոնից հեռանալու որոշման մասին և այդպիսի որոշում ընդունելու պատճառներից մեկը նշել քաղաքական իրադարձությունների վրա ազդելու համապատասխան գործիքների պակասը։

Հովհաննես Սահակյանը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակահատվածում Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։ «Մենք տեսանք, որ նախագահը ոչ միայն բավարար կամք չուներ, այլ նաև շատ դեպքերում իր տեղում չէր։ Այս 3-4 տարիների ընթացքում նախագահը չի օգտագործել իր հեղինակությունը, ազդեցությունը, քաղաքական կշիռը, անցած ճանապարհը որևէ հարց լուծելու համար։ Չի գործել որպես իշխանության՝ գործադիր, օրենսդիր և դատական ճյուղերի բալանսավորման, բնականոն գործունեությունն ապահովող, սահմանադրական կարգը պահպանող», - նշեց նախկին պատգամավորը։

Ըստ նրա՝ անընդունելի է, որ նախագահն արտերկրից է իր հրաժարականի մասին հայտարարում։ «Կարող էր, չէ՞, գալ Հայաստան, հրավիրել հասարակության մեջ գործըթնացների ակտիվ դերակատարներին, քաղաքական ուժերին, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, լրատվամիջոցներին, հասարակական տարբեր գործիչների և նախագահականի բավականին ընդարձակ դահլիճում այդ ամենը բացատրեր։ Գրած տեքստը մանրակրկիտ ներկայացներ, ասեր՝ «ժողովո՛ւրդ, ես այս երկրի նախագահն եմ, որոշել եմ էս, էս պատճառներով հրաժարական տալ»։ Ինձ համար ընդամենը դրսից մի տեքստ էր, որ «ես էլ չեմ գալու, չեմ մնալու, անելիք չունեմ, որովհետև Հայաստանը կործանված է, կործանվում է, պրոբլեմները շատ են»», - ընդգծեց Հովհաննես Սահակյանը։

Ըստ նրա՝ Հայաստանը վերջին հարյուրամյակում կանգնած է իր կարևորագույն շրջադարձի փուլում, որտեղ պետք է որոշումներ կայացվեն։ «Աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանների հստակեցում չեն արել, այսօր մեզ պարտադրում են սահմանները հստակեցնել, ամրագրել, մեր դարավոր թշնամու հետ քիրվայություն անել։ Բա մինչև նախագահ դառնալը, շրջեցիք, քաղաքական ուժերի հետ հանդիպեցիք, երկրով մեկ տարբեր մարզերով գնացիք, այդ ժամանակ չգիտեի՞ք, որ լիազորությունները քիչ են, գոնե մեկ բառ անգամ դրա մասին չխոսեցիք։ Հետևաբար ես կարծում եմ, որ նա ընդամենը մարտի դաշտը, խրամատը լքելու անփառունակ քայլ է կատարել», - շարունակեց Սահակյանը։

Իրավաբանը նշեց, որ Սահմանադրական դատարան դիմելու շատ հարցերում նույնպես նախագահը տարբեր ժամանակահատվածներում պատշաճ չի գործել։ «Եթե խորհրդարանական կառավարման ձև է, երկրի նախագահն ի՞նչ պետք է ունենար։ Չեմ հիշում մի դեպք, որ որևէ խնդրահարույց օրենքի հետ կապված իր վճռորոշ, հաստատակամ խոսքն ասեր, իր հստակ տեսակետը, դատարանների շրջափակումն իրավաչա՞փ էր։ Գործադիր իշխանությունը, իշխող քաղաքական թիմը գնում է, ԱԺ-ում ժողովներ, միջոցառումներ է անում, դա նորմա՞լ է, հեղինակային խոսքը չեմ լսել։ Սարգսյանի՝ որպես ինտելեկտուալ անձնավորության, նաև հեղինությունն է հաշվի առնվել, որպեսզի նա լինի երկրի նախագահ և կարողանա այդ զսպող դերակատարումն ունենալ։ Անգլիայում սովորութային նորմերն ավելի մեծ իրավական ուժ ունեն, քան թե օրենսդրությունը, Սահմանադրությունը։ Օրինակ, հանրության մեջ հեղինակություն ունեցող, բայց պաշտոն չունեցող անձանց հետ խորհրդակցում են, էքսնախագահների հետ խորհրդակցություններ են անում տարբեր երկրներում», - շեշտեց նա։

«Մի ամբողջ պետություն թողնել բախտի քմահաճույքին։ Ես չեմ ուզում ավելի կոպիտ և վիրավորական բառեր օգտագործել, թերևս դա ամենատեղինը կլինի։ Բայց դուրս է գալիս՝ Հայաստանն այլևս բեռ է, փլատակներրի վերածված է, և որևէ մեկը չի՞ ուզում այդ փլատակների տակ մնալ, այդ բեռը վերցնի ու տանի։ Երկրի նախագահն է, չենք խոսում 131 պատգամավորի մասին, որ մեկը մանդատը վայր դնելու ինչ-որ գործընթաց է սկսել՝ ինչ-որ անհամաձայնություն ունենալով տվյալ քաղաքական ուժի հետ։ Սահմանադրությունը թույլ է տալիս հեղինակություն ունեցող նախագահի դեպքում հավասարակշռել, բոլոր սուր ծայրերը հարթել, երկրում կայունություն պահպանել ոչ միայն Սահմանադրությամբ, այլ նաև օրենքներով, ենթաօրենսդրական ակտերով», - եզրափակեց Սահակյանը։

--00--ԿԿ