Քննարկում մասնագիտական կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 26,  24 News

ԱԺ

Հունվարի 26-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ԿԳՄՍ նախարարություն համագործակցությամբ և ԳՄՀԸ-ի (GIZ) օժանդակությամբ նախաձեռնել էր կլոր-սեղան քննարկում «Մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական բարեփոխումները՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելներն արդյունավետ գործարկելու եւ որակյալ մասնագետներ ապահովելու համատեքստում» թեմայով:

Մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԿԳՄՍ նախարարության եւ շահագրգիռ այլ գերատեսչությունների, ոլորտային կառույցների ներկայացուցիչներ, իսկ շուրջ 120 նախնական եւ միջնակարգ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ հետեւել են հեռավար ձեւաչափով:

Աշխատանքային քննարկման հասցեական թեմաներն էին արհեստագործական ուսումնարանների եւ քոլեջների ձեռնարկատիրական գործունեության թույլատրելի տեսակների կազմակերպման հնարավորությունները, խոչընդոտները, հարկման հիմնախնդիրները:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ընդգծելով, որ կրթության ոլորտը բարեփոխումների անհրաժեշտություն ունի, նշել է, որ նմանատիպ քննարկումների օգնությամբ փորձ է արվում արձանագրել հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են կառույցների տնտեսապես զարգանալը, գործատուների համար որակյալ մասնագետներ պատրաստելը: Իսկ օրակարգում քննարկվելիք թիրախային հարցերը, Սիսակ Գաբրիելյանի կարծիքով, թույլ կտան խոսել լուծումների, գործնական եղանակների մասին, որոնք դյուրին կդարձնեն աշխատանքի վրա հիմնված ուսուցման լայնածավալ կիրառությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ՄԿՈՒ ոլորտում որակական ճեղքում ապահովելու եւ լավագույն լուծումներ գտնելու համար կարեւորել է տարբեր կառույցների ջանքերի համադրումը:

ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը նշել է, որ ծրագրի շրջանակում 13 ուսհաստատություններում 12 մասնագիտությունների գծով ներդրվել է դուալ կրթություն: 2020 թվականին իրականացվել է մասնագիտական կրթության ոլորտի՝ հատկապես դուալ կրթությանն առնչվող օրենսդրական դաշտի համապարփակ վերլուծություն: Արդյունքում առաջարկվել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել՝ առավել արդյունավետ կազմակերպելու ԱՀՈՒ-ի իրականացումը:

--00—ՄՀ