ԵՄ-ն ողջունում է ՀՀ վարչապետի հայտարարությունները տարածաշրջանի ապագայի շուրջ նրա տեսլականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները տարածաշրջանի ապագայի շուրջ նրա տեսլականի, հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և հակամարտության 90-ականների հռետորաբանության մասին։

«Ազատությանը» տված գրավոր մեկնաբանությունում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հեռանկարային որակելով վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումները, միևնույն ժամանակ ընդգծում է, որ կողմերը շատ ավելին պետք է անեն՝ հաղթահարելու անցյալի և հակամարտության ժառանգությունը։

«Սա իսկապես երկար, բայց, անշուշտ, վճռորոշ գործընթաց է, որը պետք է ներգրավի երկու կողմերի հասարակություններին: Ինչպես բազմիցս ասվել է, ԵՄ-ն պատրաստակամ է կատարել իր դերը և պատրաստ է մեր գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին նպաստել այդ ջանքերին: Մեր աշխատանքի կարևոր ասպեկտներից մեկն է ապահովել դրական միջավայրի ստեղծումը, որը կնպաստի տարբեր բանակցություններում առաջընթացին, այդ թվում՝ կոչ անելով կողմերին մեղմացնել իրենց հռետորաբանությունը», - գրել է եվրոպացի դիվանագետը։

Վերջին առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը, պատասխանելով Ալիևի ագրեսիվ հռետորաբանության մասին հարցին, ավելի կառուցողական դիրքերից էր խոսել, ավելին հորդորել էր որոշակի նրբություններ հաշվի առնել և մի կողմ թողնել հարցի էմոցիոնալ կողմը։ Իսկ սթափ դատողությունը Փաշինյանին հուշում է, որ անհարժեշտ է «օր առաջ ձևավորել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով, և որ տարածաշրջանում խաղաղ դարաշրջանի օրակարգը ռազմավարական նշանակություն ունի»։ Հայաստանի վարչապետը շեշտեց, որ, այո, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանգիր պետք է ստորագրվի։

«Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 94 թվականից հետո: Օրինակ՝ երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, այդ վերլուծաբանը իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 94 թվականից հետո տասնյակ տարիներ Հայաստանից ու Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է, շատ հաճախ հնչում են հայտարարություններ, ասենք, Երևանը ադրբեջանական քաղաք լինելու մասին և այլն, այդ վերլուծաբանը իմ ուշադրությունը հրավիրեց, որ 94 թվականից հետո շատ հայտարարություններ են հնչել այն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է, այդ հայտարարությունների մեջ կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա: Մենք պետք է սա հաշվի առնենք, այդ էմոցիոնալ հանգամանքը օգտակար չի ընդհանրապես պրոցեսների համար», - նշել է Փաշինյանը:

--00—ԼՄ