Հարցի բովանդակության խեղաթյուրումն անտեղի է. Անանյանը՝ Ստամբուլ չվերթները օդի տուրքից ազատելու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

flayone

Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար օդի տուրքից ազատման հարցի անհարկի քաղաքականացումը տեղին չի համարում:

Պատասխանելով  «Արմենպրես»-ի հարցերին՝ Անանյանը մասնավորապես ասաց. «Նորաբաց ցանկացած ուղղություն ստանում է նմանօրինակ արտոնություն: Եվ այդ առումով Հայաստանի ավիացիոն իշխանությունների կողմից տրված պարզաբանումները առավել քան սպառիչ են: Այս առումով հարցի բովանդակության խեղաթյուրումը ամբողջությամբ անտեղին է»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ չվերթների համար ուղևորները կազատվեն օդի տուրքից: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից պարզաբանել էին, որ այն ուղղությունները, որոնք վերջին 12 ամսում չեն սպասարկվել և նոր սկսում են սպասարկվել, և առնվազն 1 տարի այդ ուղղությամբ թռիչքներ պետք է իրականացվեն գոնե շաբաթական մեկ անգամ, ազատվում են օդի տուրքից: Դա միայն Ստամբուլին չի վերաբերում, շատ-շատ ուղղություններ այդ սկզբունքով ազատվել են օդի տուրքից: Ստամբուլ ուղղությունն ազատվել է օդի տուրքից 2022-ի փետրվարի 2-ից մինչև 2025-ի փետրվարի 2-ը՝ այսինքն` 3 տարով:

Իսկ օրինակ 2021-ի սեպտեմբերի 29-ից մինչև 2024-ի սեպտեմբերի 29-նն էլ օդի տուրքից ազատվել է Վիլնյուսի ուղղությունը: Որոշակի ժամանակահատվածով ազատված են նաև Միլան, Հռոմ, Կալուգա, Օդեսա, Ֆրանկֆուրտ և մի շարք այլ ուղղություններ:

Օդի տուրքը կազմում է 10 հազար դրամ, այն ներառվում է տոմսի գնի մեջ:

Ավելի վաղ FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնել էր, որ փետրվարի 2-ից սկսում է ոչ կանոնավոր կոմերցիոն չվերթներ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան:

--00—ՄՀ