ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում ՀՀ ԱԺ է ժամանել Հունաստանի խորհրդարանի փորձագիտական խումբը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

Հունվարի 25-27-ը «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովում աշխատանքային հանդիպումներ եւ սեմինարներ անցկացնելու նպատակով Երեւան էր ժամանել Հունաստանի խորհրդարանի՝ փորձագետներից կազմված պատվիրակությունը:

Պատվիրակության անդամներին Ազգային ժողովում հանդիպել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:

Փորձագետները նաեւ հանդիպումներ են ունեցել ԱԺ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության, փորձի փոխանակման հնարավորությունները, ներկայացրել Հունաստանի՝ շուրջ 200-ամյա խորհրդարանական փորձը: Քննարկման առանցքում են եղել աշխատակիցների վերապատրաստման խնդիրները, օրենսդրական ընթացակարգերի բարեփոխման մեխանիզմները, ԵՄ անդամ երկրներում խորհրդարան-կառավարություն փոխհարաբերությունները, խորհրդարանական լսումների անցկացման կարգը եւ մի շարք այլ հարցեր:

Փորձագիտական խումբն այցելել է նաեւ ՀՀ պետական կառավարման ակադեմիա՝ որպես հանրային ծառայողների վերապատրաստում իրականացնող կառույց, հանդիպել ռեկտոր Խաչատուր Ղազեյանի, Միջազգային համագործակցության եւ զարգացման կենտրոնի ղեկավար Թերեզա Խեչոյանի, Լրացուցիչ, շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Արտակ Բաղդասարյանի եւ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Գայանե Հովհաննիսյանի հետ, քննարկել համագործակցության, համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները:

--00--ՍԳ