Սիմոնյանը Վրաստանի ԱՆ պատվիրակության հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

տռռեգտեռգ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատությանը, Հարկադիր կատարումն ապահովող և Պրոբացիայի ծառայություններում կատարվող աշխատանքներին և իրականացվելիք այլ բարեփոխումներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեր երկիրը հետաքրքրված է հարկադիր կատարումն ապահովող ծառայության ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում վրացի գործընկերների փորձով:

Զրույց է ծավալվել Վրաստանի «Արդարադատության տների» փորձառությունը ՀՀ-ում ներդնելու շուրջ:

Կողմերն ընդգծել են արդարադատության համակարգի կատարելագործմանը և բարեփոխումներին մեծապես նպաստող խորհրդարանների օրինաստեղծ գործունեությունը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համագործակցությունն արդարադատության գերատեսչությունների ստորաբաժանումների հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Վրաստանի արդարադատության նախարարն ուշադրություն է հրավիրել արդարադատության համակարգին առնչվող փորձի փոխանակման կարևորությանը՝ շեշտելով երիտասարդ իրավաբանների ներգրավվածությունը և համատեղ ծրագրերի իրականացման հաճախակիության խթանումը: Նրա խոսքով՝ հայ գործընկեր Կարեն Անդրեասյանի հետ համատեղ օրակարգի մշակման և կիրարկման լավ սկիզբ է դրված, որն ունենալու է շարունակություն՝ ի նպաստ երկու երկրների համապատասխան ոլորտների օրինաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի:

 

--00--ՍԳ