Քրեակատարողական ծառայությունն ամփոփել է 2021-ի գործունեության արդյունքները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

ю

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) կենտրոնական մարմնում հունվարի 31-ին ծառայության ղեկավար անձնակազմի, կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների պետերի մասնակցությամբ կայացել է ծառայության 2021 թվականի տարեկան գործունեության արդյունքների ամփոփման նիստը, որին ներկա է եղել նաև արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Ինչպես  տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը նախ շնորհավորել է արդարադատության նորանշանակ տեղակալ Արփինե Սարգսյանին պաշտոնին նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք:

«Այնուհետև ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում Քրեակատարողական ծառայության համակարգում իրականացված աշխատանքների թվային համեմատական տվյալները, ինչպես նաև համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերն ու օրենսդրական նախաձեռնությունները:

Հաշվետու զեկույցի արդյունքներով Ծառայության պետը տվել է հասցեական հանձնարարականներ՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի նույն ժամանակաշրջանում կարձանագրվի առավել գոհացուցիչ պատկեր և΄ ազատազրկված անձանց, և΄ հանրության, և΄ հենց քրեակատարողական ծառայողների համար: Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել նաև արդարադատության նախարարությանը՝ ի դեմս նախարար Կարեն Անդրեասյանի և փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ համակարգին մշտապես պատրաստակամորեն աջակցելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ոլորտի հիմնախնդիրներին, առանձնահատուկ շեշտել է, որ ընթացիկ տարում թիրախում պետք է պահել հատկապես ազատազրկված անձանց և աշխատակիցների համար շենքային պայմանների բարելավման գործընթացը, դատապարտյալների զբաղվածության կայուն ապահովումը, քրեակատարողական հիմնարկների ինժեներատեխնիկական հագեցվածության խնդիրները, ինչպես նաև քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ հետևողական պայքարի շարունակականության ապահովումը։

Նշվում է , որ նիստի ավարտին ՔԿԾ պետը 2021 թվականի ընթացքում ծառայողական պարտականությունները և հանձնարարականները բարեխղճորեն կատարելու համար մի շարք ծառայողների պարգևատրել է «10 տարի անբասիր ծառայության համար», «15 տարի անբասիր ծառայության համար», «20 տարի անբասիր ծառայության համար» կրծքանշաններով, մի խումբ ծառայողների նկատմամբ էլ կիրառվել է «Շնորհակալության հայտարարում» խրախուսանքի տեսակը:

--00--ԱՀ