ՔՊ-ականները Վահագն Խաչատուրյանի հետ փակ նիստ են անցկացնում ԱԺ-ում 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները փակ նիստ են անցկացնում խորհրդարանում, որին մասնակցում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, նախագահի իշխանական հավանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը։ Այս մասին հայտնում է 24News-ի լրագրողը։ 

Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ առավոտյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունների դադարեցման արձանագրությունը, որից հետո ստանձնել է երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Նրա փոխարեն խորհրդարանի խոսնակի ժ/պ է նշանակվել ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ 

Մասնագիտությամբ տնտեսագետ Վահագն Խաչատուրյանը, ըստ մամուլի հրապարակումների, լինելու է ՀՀ նախագահի թեկնածուն՝ առաջադրված ՔՊ-ի կողմից։ 
Արմեն Սարգսյանի լիազորությունների դադարեցումից հետո խորհրդարանը նոր նախագահ կընտրի ոչ շուտ քան 25 և ոչ ուշ քան 35 օր հետո։ Քանի որ ՀՀ-ն խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է, Հանրապետության նախագահին ընտրում է խորհրդարանը՝ յոթ տարի ժամկետով։

--00—ԼՄ